Երեկ երիտասարդության միջազգային օրն էր: Տոնն անտարբեր չանցավ նաև հայ երիտասարդների կողքով, ովքեր հնարավորություն ունեին մասնակցելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպված համերգին: Նշված հիմնադրամը, որը պատկանում է ՀՀԿ-ին և պետական բյուջեից է ֆինանսավորում, Համալիրում ելույթ ունենալու համար հրավիրել էր ռուսական էստրադային ամենավառ ներկայացուցիչ Սոսո Պավլիաշվիլիին:
Դառնանք բուն խնդրին: Հայաստանի կառավարությունը, որը խոստացել էր փոխհատուցել հակառակորդի գնդակից ավերված սահմանային գյուղերի բնակիչների կորուստները, առայժմ խոստումը չի կատարել: Սահմանային գյուղերում մարդիկ ապրում են ծայրահեղ վատ պայմաններում՝ հիմնականում տնակներում և առանց որևէ կոմունալ հարմարությունների: Հայաստանի պետական պարտքը հատել է 50 տոկոսի շեմը, բյուջեն հազիվ է բավարարում առաջնային կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար: Բայց նման պայմաններում հսկայական գումարներ են հատկացվում Երևանի տոնին, Երիտասարդության տոնին, Ամանորին և մի շարք տոներին, որոնք, վստահաբար, կարելի է ավելի համեստ կազմակերպել: 
Իհարկե, հայ երիտասարդն իր տոնը լիաթոք տոնելու հնարավորություն պետք է ունենա, բայց այդ տոնը չպետք է համեմված լինի Սահմանադրության փոփոխությունների մասին վարչապետի երկարաշունչ ելույթով ու միլիոնավոր դրամներ արժեցող համերգով: Իսկ եթե Սոսո Պավլիաշվիլիին Հայաստան հրավիրելու վրա հսկայական գումար չծախսվեր, երիտասարդության տոնը չէ՞ր կայանա: Իհարկե, կկայանար, ուղղակի իշխող վերնախավը ռացիոնալ դատելու և ռեսուրսները բաշխելու տարրական ունակություններ չունի:
Թող աշխարհի բոլոր երիտասարդներն առողջ ու բարեկեցիկ կյանքով ապրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել