Բազմիցս հայտարարվել է այն մասին, որ ՀՀ-ն կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև: Այսօր արդեն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին է նշել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Վերջինս, անդրադառնալով այս տարում ԵԱՏՄ-­ի շրջանակներում ՀՀ դերակատարությանը, այն բնութագրել է իբրև շատ կառուցողական: Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանն այս կառույցի ներսում ինչ-­որ քննարկմանը մասնակցելիս որևէ բացասական ներազդեցություն ունեցած լինի այս կամ այն որոշումը կայացնելիս: Դեսպանը նշել է նաև, որ ԵՄ-­Հայաստան ապագա համաձայնագրում արտաքին ապրանքաշրջանառությունը կարգավորող կետերն ունենալու են ընդհանուր ձևակերպումներ, ինչն էլ, անշուշտ, ողջունելի մոտեցում է: ԵԱՏՄ անդամ երկրները պետք է բազմակողմանի և բազմաբովանդակ հարաբերություններ հաստատեն նաև այլ երկրների հետ` չխաթարելով ԵԱՏՄ շրջանակներում առկա պայմանավորվածությունները:

Դեսպանն իր խոսքում հավելել է նաև, որ ճիշտ է` ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություն է, բայց նրանք միշտ դիտարկում են ԵԱՏՄ­-ն ավելի լայն տեսանկյունից, քանի որ այն ավելի ուժեղ կլինի, երբ կառույցի անդամ երկրների արտաքին կապերն ավելի հզորանան, որից մեծապես կշահեն նաև միության անդամ երկրների տնտեսությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել