Անդրադառնալով վերջին օրերին եզդիների կրոնի շուրջը ստեղծված աղմուկին՝ հարկ է նշել, որ եզդիների արևապաշտ լինելու մասին առասպելը Հայաստանում տարածվել է, ցավոք, հենց ազգությամբ եզդի որոշ գործիչների շնորհիվ, իսկ իբր սատանայապաշտ լինելն ավելի հին մոլորություն է՝ շրջանառված դեռևս մահմեդական աղբյուրներում և նաև եվրոպական ճանապարհորդների կամ որոշ սկսնակ հետազոտողների գործերում:

Իրականում եզդիների կրոնը հստակորեն միաստվածական դավանական համակարգ է, որտեղ, ի դեպ, առկա է նաև «երրորդության» գաղափարը, իսկ սատանային չհայհոյելը, դրա ուշադրությունն անտեղի չհրավիրելը կամ անվան հիշատակումից խուսափելը կա նաև հայկական ժողովրդական հավատալիքներում:

Դիցուք, մեզանում տարածված «սատանի ականջը խուլ» արտահայտությունը կամ գիշերը սուլելու սնահավատ արգելքը, որպեսզի սուլոցի վրա իբր «սատանաները չհավաքվեն»:

Դե, իսկ «հորս արև-մորս արև» երդման հաճախակիության համատեքստում հայերս «ամենաուղղադավան» արևապաշտները կարող ենք համարվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել