BlogNews.am-ն արդեն պատմել է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի մասին, որն, ի դեպ, արդեն այսօր՝ ժամը 22-ին, կլինի եթերում: Մենք զրուցել ենք սերիալի գլխավոր դերակատարներից Վարդան Հովսեփյանի հետ, ով վերջին շրջանում չէր նկարահանվում սերիալներում։ «Ես առանձնապես շատ հրավերներ չունեի, կար մի սերիալ, որտեղ չհարմարվեցի ինչ-ինչ պայմաններով,-նշեց Վարդանն ու հավելեց,-հետո առաջարկ ստացա գեղարվեստական երկու ֆիլմերից, որից հետո «Շարմ» ընկերությունը նկարահանեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ: Պետք է ասեմ, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելն ավելի շատ է հաճույք պատճառում, քան սերիալում նկարահանվելը: Սերիալն էլ կարծես հիմնական եկամտի աղբյուր լինի»:

Վարդանը և սցենարիստ Անահիտ Մխիթարյանը միասին արդեն համագործակցել են տարբեր սերիալներում: Դերասանը նշում է, որ միշտ աշխատում է չշեղվել Անահիտի գրած սցենարից. «Անահիտն ասեց, որ կուզեր՝ ես մարմնավորեի Դավթի կերպարը, հանդիպեցինք, խոսեցինք, կերպարն ինձ դուր եկավ, քանի որ իսկապես «խաղալու» տեղ ունի: Բացի այդ՝ Անահիտը շատ լավ կարողանում է զարգացնել կերպարը: Ես սովորական տղայի եմ մարմնավորելու, ով վատ վարքով տղա չէ, բայց ցանկացածի հետ էլ կարող է լինել, որ 20 տարեկանում նորմալ ճանապարհից շեղվի ու ավելորդ բաներ անի, գնա ակումբներ: Կերպարս ընկնում է մի վատ շրջապատ և մարդ է սպանում: Նա 12 տարով ազատազրկվում է, իսկ ազատվելուց հետո գտնում է իր երեխային և հորը»:

BlogNews.am-ը նաև հայտնել է, որ այս սերիալում իր դերակատարումն է ունենալու Գուժ Մանուկյանը։ Վարդանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է խաղալ վարպետի հետ. «Նա ինձ համար շատ լուրջ դերասան է, լավ խաղընկեր: Շատ կարևոր է, որ այս սերիալում խոսքը սպանությունների մասին չէ, ամեն ինչ կառուցած է փոխհարաբերությունների վրա. սցենարը հայր, տղա ու թոռ փոխհարաբերությունների վրա է հիմնված»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի                                 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել