Հանգստյան օրերին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թոք-շոուն դիտելու հնարավորություն ունեցա: Ընդհանուր առմամբ գաղափարը լավն է, սակայն հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը մերթընդմերթ մոռանում էր, որ ինքը հանդես է գալիս հաղորդավարի դերում և հուզական պոռթկումներ էր ունենում հօգուտ Հանրապետական կուսակցության: 
Աշոտյանն ակնհայտ լաչառություն էր դրսևորում Արմեն Մարտիրոսյանի պատասխանների նկատմամբ և ավելորդ էմոցիա դնում զրույցում: Մարտիրոսյանին ուղղված հարցերից մեկը տալու ընթացքում Աշոտյանն այնքան բարձրացրեց ձայնը, որ սկսեց բղավել ընդդիմադիր գործչի վրա: Արմեն Մարտիրոսյանն, իհարկե, իրեն բնորոշ հանգստությամբ կարողանում էր զսպել հաղորդավար Աշոտյանին, բայց, միևնույնն է, ճնշումը վերջինիս նկատմամբ ակնհայտ էր: Հաղորդման նպատակը հասարակությանը կողմնորոշելն է, իսկ ավելորդ հուզականությունը կարող է լուրջ խանգարող գործոն հանդիսանալ այդ հարցում: Ուստի, եթե Արմեն Աշոտյանին հաջողվի կառավարել սեփական հույզերն, ու նա քիչ «լաչառություն» անի, ապա հաղորդումը դիտելն ավելի հաճելի ու օգտակար կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել