Կայքերից մեկում կարդացի Սաուդյան Արաբիայում ընդունված նոր օրենքի մասին, ըստ որի՝ Սաուդյան Արաբիայում արգելվում է երեխաներին անվանակոչել 50 անուններով, որոնք Ներքին գործերի նախարարության կարծիքով հակասում են թագավորության մշակույթին և կրոնին: Որոշ անուններ նախարարության կողմից արգելվել են իբր «սրբապիղծ» լինելու, ոչ արաբական կամ ոչ մուսուլմանական ծագում ունենալու համար: Արգելված անունների շարքին են դասվում, օրինակ, Արամ, Ալիս, Բենիամին, Լինդա, Ամիր անունները:

Էս նյութը կարդալուց հետո սկսեցի նայել տարբեր երկրներում տարբեր տարիներին ընդունված մի շարք օրենքներ, որից հետո հասկացա, որ Սաուդյան Արաբիայում ընդունված նոր օրենքը և դրա հիմնավորումը միանգամայն տրամաբանված է:

Օրինակ՝ Ալաբամայում արգելված է մեքենան վարել փակ աչքերով: 
Իսրայելում արգելված է ուրիշի քթին ձեռք տալ շաբաթ օրը (ամեն դեպքում հետաքրքիր է՝ ինչի՞ հենց շաբաթ օրը)։ 
Հունաստանում մազերի բնական գույն ունեցող ուսանողուհիներին թույլատրվում է պարապմունքներից հեռանալ 15 րոպե շուտ։ 
2009թ. Ճապոնիայում ընդունված օրենքի համաձայն՝ բնակիչներին պաշտոնապես արգելվում է գեր լինել։ Ըստ օրենքի՝ տղամարդկանց գոտկատեղի հաստությունը պետք է լինի 80 սմ-ից ոչ ավելի, իսկ կանանց դեպքում ՝ 90 սմ ոչ ավելի։ 
Ինդոնեզիայում չի թույլատրվում մահանալ հինգշաբթի օրերին (լավ, ասենք թե սխալմամբ, շատ պատահաբար, ինչ-որ մեկը հինգշաբթի օրը մահացավ, ասելու են՝ հաշիվ չի՞): 
Ռումինիայում արգելվում է տուն չունենալու դեպքում ժպտալ անծանոթ աղջկան, իսկ այ Կալիֆորնիայում տղան իրավունք չունի ժպտալ աղջկան, եթե արտաքուստ նման է կոկորդիլոսի (խեղճ տղա): 
Ճապոնիայում արգելված է երեխաներին ծեծել թարմ ձկով, իսկ Լոնդոնում չի կարելի կնոջը ծեծել երեկոյան 9-ից հետո, քանի որ նրա լացի ձայնը կարող է խանգարել հարևաններին (այստեղից հետևություն, որ մինչև ժամը 9-ը տղամարդիկ կարող են հանգիստ խղճով ծեծել իրենց կանանց՝ առանց մտահոգվելու, որ անհանգստություն կպատճառեն հարևաններին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել