Մեր բակի վերևի մասում մի փոքր բանջարեղենի խանութ կա: Երբ մտնես, այդ խանութում հերթ է. հավանաբար այն պատճառով, որ սպասարկումը և ապրանքների որակը լավն են: Ինքներս էլ այդ խանութից ենք օգտվում: Երբ հերթական անգամ խանութում առևտուր էի անում, մի՝ բավական տարեց կին մտավ ներս ու սկսեց բանջարեղեն, միրգ ընտրել: Հավանաբար թոշակառու էր: Ավարտելով իմ գնումները՝ կինը մոտեցավ դրամարկղին, որպեսզի վճարի: Ձեռքը տարավ գրպանը, և տհաճ անակնկալ. գումարը չկար: Այդ պահին խանութում համեմատաբար քիչ մարդ կար, և բոլորի ուշադրությունը մի տեսակ այդ հանգամանքը ֆիքսեց: Կինը մի փոքր խառնված ու անհանգստացած փնտրում էր իր գումարը, բայց դե երևի կորցրել էր: Տեսնելով իրավիճակը՝ խանութի վաճառող աղջիկն ասաց. «Որևէ խնդիր չկա, վերցրեք՝ հետո կվճարեք, չէ՞ որ հազար տարվա հաճախորդ եք»... Կինը շատ անհարմար ու մտահոգ վիճակում էր, նաև հավանաբար այն պատճառով, որ կորցրած գումարը՝ 5000 դրամ, իր համար բավական մեծ գումար էր` ապրելու համար շատ անհրաժեշտ... Մի խոսքով, խանութի աշխատողները «ստիպեցին», որ կինն իր կողմից ընտրած մի քանի կտոր բանջարեղեն-միրգը վերցնի ու գնա...

Երբ կինը դուրս եկավ խանութից, վաճառողուհին, ով նաև խանութի տիրոջ կինն է, դրամարկղից հանեց 5000 դրամ ու, բանվորին տալով, ասաց, որ տանի, փոխանցի այդ կնոջը, թե իբր նրա կորցրած գումարը գտել են...

«Փոքր», բայց բարության կարևոր դրսևորում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել