Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախաբեր Կալաձեն հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ լրատվական կայքի հարձակման թիրախում: «Ոխերիմ» հարևանները հատկապես զայրացել են, որ ռուսական և իրանական գազի ներհոսք ակնկալող վրացի նախարարն, այդ թեմայով երկու անգամ բանակցելով «Գազպրոմի» ղեկավարի հետ, տվել է Հայաստանի անունը: Իրականում Կալաձեն միայն ասել է, որ ռուսական գազը Հայաստան է հասնում Վրաստանի տարածքով, և գազի տարանցման դիմաց ռուսները վարձահատույց են լինում ոչ թե փողով, այլ նույն այդ բնական գազով:

Բայց քանի որ այսօր Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Թբիլիսիում է, կայքը փափագում է նրա բերանով վերջին` «մահացու» հարվածը հասցնել Կալաձեին: Նախ մեջբերվում է Ալիևի այն պոռոտախոսությունը, թե Ադրբեջանն առաջիկա 100 տարում ի վիճակի է գազով ապահովել հարևան երկրները և… Եվրոպայի պետությունները:

Ոգևորված կայքը Կալաձեի վարած բանակցությունն ու դրան հաջորդած հիմնականում ադրբեջանական աղմուկ-աղաղակն անվանում է վրացի նախարարի «խայտառակությունը» և հեգնանքով նշում, որ այլ պետություններում նախարարը նման վրիպման դեպքում կարող էր պորտֆելից զրկվել:

Սակայն ադրբեջանական կայքն ավելի շատ զայրացել է, որ այս օրերին Վրաստանից (Թբիլիսիից) բացակայում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով, ինչպես հայտնի է, «Գազպրոմի» 1 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Կայքը խանդով հիշեցնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ, երբ Թբիլիսի էր այցելել Հայաստանի նախագահը, Իվանիշվիլին անթաքույց սիրալիրությամբ շփվում էր նրա հետ: Եվ անմիջապես հորինվում է ադրբեջանական վարկածը, իբր ոչ թե Իվանիշվիլին է խուսափել Ալիևի հետ հանդիպելուց, այլ Ադրբեջանի նախագահը չի կամեցել տեսնել Վրաստանի նախկին վարչապետին, ում կայքն անվանել է «բազմադեմ» գործարար քաղաքական գործիչ, ով ասում է մի, անում` մեկ այլ բան:

Ահա այս վերջին եզրակացությամբ փոքր-ինչ հանդարտվելուց հետո ադրբեջանական կայքը ձեռնամուխ է լինում Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կալաձեի մասնագիտական ունակությունների քարկոծմանը, ինչն ուղղակի անթույլատրելի բան է միջազգային, այն էլ հարևան երկրների հարաբերությունների պրակտիկայում: «Գլուխը քարը»,- երևի մտքում ասում են վրացի գործընկերները` ադրբեջանական կայքի արտառոց պահվածքի գնահատականը հետաձգելով մինչև նախագահ Ալիևի այցի ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել