Սիլվա Հակոբյանը հայտնվել է քարե դարում, իսկ պատճառը նրա «Քարե դարդն» է:) «ATV» հեռուստաընկերությամբ շուտով կհեռարձակվի նոր սիթքոմ՝ «Քարե դարդ», որի սաունդթրեքը կատարում է Սիլվան։ Օրերս կայացել է տեսահոլովակի նկարահանումը, որի մանրամասները Սիլվան պատմել է BlogNews-ին։

«Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ փորձել ենք տեղափոխվել քարե դար։ Դեռևս չէի եղել նման կերպարում։ Դիմահարդարումն էլ անսովոր էր, բայց շատ հետաքրքիր։ Շատ հաճելի էր նման կերպարով ներկայանալը, նույնիսկ կոլեգաներս, ովքեր տեսան ինձ այդ տեսքով, ասում էին՝ վայ ինչ լավն է, ու առաջարկում լուսանկարվել։)»,- BlogNews-ի հետ զրույցում նշեց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակում պարել է «Ամարաս» խմբի աղջիկների հետ։

Կատակերգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերի հեղինակը՝ Սարգիս Մնոյանը, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը։ Երգչուհին կատակերգեր կատարելու մի քանի փորձ ունի։ «Այս մեկը հիմնականում «քարե դարային» հապավումներ ունի, ներկայացնում է սիթքոմի էությունը։ Հուսով եմ՝ սա էլ շատ կսիրվի, որովհետև բոլոր նրանք, ովքեր լսել են՝ և՛ պարողները, և՛ անձնակազմը, և՛ մարդիկ, ովքեր կապ չունեն երաժշտության հետ, ասում են, որ սա պոտենցիալ հիթ է»։

Սիլվայից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ մի օր իրեն էլ տեսնենք որևէ սիթքոմում։ Երգչուհին ասաց, որ դեռևս նման ծրագրեր չունի, սակայն եթե լավ առաջարկ լինի, ինչո՞ւ ոչ։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել