Դա քաղաքական դաշտը ուզուրպացրած իշխանությունների և իր հետ «բազարների» մեջ մտած քաղաքական ուժերի նախօրոք գրված սցենարով խաղացվող քաղաքական «շոուն» է, որը հանդիսատեսի համար դիտարժան դարձնելու նպատակով ժամանակ առ ժամանակ թարմացվում է նոր էպիզոդներով: Որքան հինանում և խամրում է շոուն, որքան հանդիսատեսը սառում է նրանից, սցենարիստները այնքան ավելի շատ են «խաղում» սյուժեի, դերերի ու դերակատարների հետ՝ անելով ամեն բան, որ այն դառնա գրավիչ և բավարարի օրվա հանդիսատեսի ճաշակն ու պահանջները: Մի խոսքով, այն, ինչին այսօր մենք ականատես ենք լինում մեր երկրում...

Սակայն վերջին իրադարձություններից հետո պահստաֆոնդից հանված հերթական «բլեֆից» հետո կարծես թե «հանդիսատեսը» սկսում է վերջնականապես հիասթափվել էժան թամաշայից, կարծես թե թատրոնի ողջ «կոլեկտիվը» սպառում է իրեն, և շոուն մտնում է փակուղի: Սա այն պահն է, որ «ջանքերը» տալիս են հակառակ էֆեկտ:

Ասում են՝ քաղաքականությունը կեղտոտ խաղ է: Այո՛, այս կարգի քաղաքականությունը միայն կեղտոտ կարող է լինել, որովհետև դերակատարներն ու նրանց նպատակներն են կեղտոտ, որոնց արդյունքում փչանում են մի ամբողջ երկիր և ժողովուրդ:

Եթե մենք՝ հայերս, չենք տեսել մաքուր քաղաքականություն, դա չի նշանակում, թե այն վերացել է երկիր մոլորակից: Աշխարհում կան շատ երկրներ, որտեղ քաղաքականությամբ զբաղվում են ժողովրդի ընտրյալները, այլ ոչ թե քաղաքականության մեջ նետված խեղկատակները, որտեղ քաղաքական գործիչները՝ որպես ժողովրդի ծառաներ, աշխատում են հանուն այդ ժողովրդի ու իրենց երկրի բարօրության:

Ընտրությունը մերն է՝ կա՛մ շարունակում ենք «զզվելով» կուլ տալ մեզ պատրադրված այս այլասերությունը, կա՛մ փոխում ենք մարդկային արժանապատիվ կյանքը մռայլ, անվերջանալի մղձավանջի վերածած բոլոր հին ու նոր դերկատարներին...

ԱՐՄԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել