Վերջերս լսեցի, առաջին հայացքից մի սովորական պատմություն մասին։ Երկու երիտասարդ փոքրիկ վեճ են ունենում և որոշում են հանդիպել՝ հարցը քննարկելու համար։ Տղաներից մեկը հանդիպման է գալիս իր 6 ընկերների հետ, իսկ մյուսը՝ միայնակ։ Վերջինս անակնկալի է գալիս՝ տեսնելով այդ բազմությանը, բայց, հնարավորություն ունենալով հրավիրելու իր ոչ պակաս հավատարիմ ընկերներին, հարցը որոշում է լուծել ինքնուրույն, իրար չի խառնվում, մոբիլիզացնում է իր ողջ մտավոր ու կամային ուժերը, և արդյունքում մի այնպիսի խոսակցություն է տանում, որ, ականատեսի վկայությամբ, մյուս տղայի ընկերներից երեքը հայտնվում են պասիվ դիտորդի դերում, իսկ մյուս երեքը, ի վերջո, ներողություն են խնդրում իրենց ընկերոջ փոխարեն... Ընկերների հետ եկած երիտասարդն էլ, տեսնելով այս ամենը, զիջում է դիրքերը և ընդունում իր սխալը... Հետաքրքիր է, որ այդ երեք տղաներից երկուսը հետագայում բավականին մտերմանում են «մենակ» երիտասարդի հետ...
Երբ ասում են, որ Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի, Արևմուտքը չի թողնի՝ մենք զարգանանք, հրեաները մեզ կուտեն, օֆ չեն անի, թուրքերն այսքան զորք ունեն, պարսիկները մեր բնակարաններն են գրավում և այլն, մտածում եմ այդ երիտասարդի մասին, որը չվախեցավ, չմտավ ուրիշների փեշի տակ, այլ, ՎՃՌԱԿԱՆ ՄԵՆԱԿԻ ոգով տոգորված, կռիվ տվեց և հասավ իրեն ցանկալի արդյունքին։ Վերոնշյալ արտաքին ուժերը, տեսնելով թույլ և իր ուժերին անվստահ Հայաստան, հեշտությամբ կպարտադրեն իրենց անհրաժեշտ և մեր շահերին հակասող ցանկացած որոշում։ Սակայն, տեսնելով հզոր և ագրեսիվ զարգացող Հայկական պետություն, արդեն իրենց շահերից կբխի դաշնակցել և լավ հարաբերություններ ստեղծել հայության հետ... Քանզի միշտ էլ այդպես է եղել և կլինի։ Ուժն է ծնում իրավունք, ուժն է ծնում հարգանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել