Առատ բերքն այս տարի գյուղացիներին մեծ ուրախություն պարգևելուց զատ, նաև բազում հոգսեր պատճառեց, որոնք պայմանավորված էին բերքի իրացման խնդիրների հետ: Խաղողի և բանջարեղենի «ձեռքը կրակն ընկած» գյուղացին ստիպված էր օրերով հերթ կանգնել մթերող ընկերությունների ու գործարանների դիմաց՝ ապրանքն իրացնելու և գոնե վնասով դուրս չգալու ակնկալիքով: 
Այն պարագայում, երբ խաղողի մթերման հերթերի մեջ երիտասարդ մահացավ, երբ մամուլն անընդհատ ահազանգում է այն մասին, որ գյուղացիները բողոքում են, որ իրենց աճեցրած խաղողի դիմաց ընդամենը 40 դրամ են առաջարկում, այն դեպքում, երբ գյուղապետերը հայտարարում են, որ բերքը փչանում է այգիներում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իրեն բնորոշ ագրեսիվ տոնով հայտարարում է, թե նման բան չկա, իսկ լրագրողների «ճնշման ներքո» արդարանում, թե ինքը տեղյակ չէ:
Այն դեպքում, երբ խաղողն ու մյուս պտուղ-բանջարեղենը նախորդ տարվա համեմատ կրկնակի էժան են մթերվել, երբ բերքն, իրոք, մարդկանց աչքերի առաջ փչանում է այգիներում, Սերգո Կարապետյանը մթերումը հաջողված է համարում: Ցինիկություն է, չէ՞: Հատկապես, երբ նախարարին գոհացրած մթերում էլ ոչ թե իր ղեկավարած կառույցի, այլ մասնավոր ընկերությունների աջակցությունն է գյուղացուն, նախարարը բացարձակ գլուխ գովելու տեղ չունի:
Լրագրողի դիտարկմանը,թե գյուղացիներն ասում են՝ վնաս են կրել, նախարարը առանց որևէ հիմնավորման ասում է. «Ես չեմ կարող նման բան ասել»: Ներողություն, իսկ ի՞նչ կարող եք ասել, պարո՛ն նախարար: Ի վերջո, եթե ասելիք չունեք, բարի եղեք մի՛ ստեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել