Ուզում եմ անդրադառնալ տնտեսական աճին, թե ինչի մարդիկ չեն զգում, եթե լինում է տնտեսական աճ: Նախ նրա համար, որովհետև տնտեսությունը շատ թույլ է զարգացած, դրա մասին է վկայում այն, որ մենք սպառող երկիր ենք: 2014թ-ին առևտրաշրջանառությունը կազմել է 5 920 900 000$, որից արտահանումն ու ներմուծումը կազմել է 1.519.300.000$- 4.401.600.000$, սալդոն բացասական է եղել՝ շուրջ 2.882.300.000$, գրեթե նույն պատկերն է գրանցվել նախորդ տարիներին:

Մեր տնտեսությունն այնքան թույլ է զարգացած, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացումը դժվար չէ, նախ պետք է մոնոպոլիաներից հնարավորին չափով ազատվել, իսկ հետո զարկ տալ թեթև արդյունաբերության զարգացմանը: Ինչքա՞ն կարելի ա գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության հաշվին 2-4% տնտեսական աճ գրանցել, մենք սենց առաջ չենք գնա: Օրինակ՝ մեր և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2014թ-ին կազմել է 233.849.700$, որից միայն ներմուծումը՝ 232.355.400$, իսկ արտահանումը՝ 1.494.300$: Այս ցուցանիշով Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առևտրային գործընկերների մեջ 9-րդ հորիզոնականում է։
Նախ անդրադառնամ արտահանմանը. 1.5 մլն դոլարի ապրանք արտահանում ենք, որի առյուծի բաժինը կենդանիների անմշակ մորթիներն են։ Իսկ մենք ներմուծում ենք հենց նույն մորթիները՝ ուղղակի արդեն մշակված տեսքով, ավելի թանկ գնով: 
Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայից ներմուծել ենք 1.845.973.600$-ի ապրանք:

Ի՞նչ ա նշանակում՝ մենք էդքան հարուստ երկիր ենք, որ մեզ նման ճոխություններ ենք թույլ տալիս՝ ներմուծելով անորակ թուրքական ապրանքները: Դրա փոխարեն դժվա՞ր է մի քանի գործարան կառուցել տարբեր մարզերում, դրանով կլուծվի աշխատատեղի խնդիր, կավելանան պետբյուջե գնացող եկամուտները: Նման գործարանների տնտեսական հիմնավորումը չեմ կարող տալ, քանի որ չեմ տիրապետում այնպիսի տվյալների, օրինակ՝ ինչ կարժենա ժամանակակից գործարանն իր ամբողջ սարքավորումներով, արտադրական հզորության մակարդակի առկայության և այլ նման ցուցանիշների բացակայության պատճառով: Ստեղ առաջնահերթ պետք է դիտարկել ռազմավարական նշանակության տեսանկյունից, Թուրքիան մեզ ոչ միայն հարևան է, այլ նաև թշնամի: Դրա պատճառով հայ-թուրքական սահմանը փակ է, և թուրքական անորակ ապրանքները մեր երկիր են հասնում տրանզիտ (տարանցիկ) երկիր հանդիսացող Վրաստանի միջոցով, ինչն ավելի է թանկացնում ապրանքի գինը՝ ավելացնելով ճանապարհատրանսպորտային ծախսեր, հարկեր, մաքսեր և այլն:

Հայաստանում գործարանների առկայության դեպքում կունենանք մեր արտադրանքը, և արտադրանքի գինն ինձ չի թվում, որ կարող է գերազանցել թուրքական ապրանքի գնին, քանի որ լրացուցիչ ծախսեր չի ներառում: Անգամ եթե ներքին պահանջարկը կարողանա ապահովել տարեկան 200 մլն դոլարից ավել, եկամուտը քիչ չէ: Էլ չեմ ասում էն ԵՏՄ-ն, որ 170 միլիոնանոց շուկա է, մենք էլ ստիպենք, թող հայկական արտադրանքն առնեն, ոչ թե այլ երկրինը:
Եվ վերջապես այդ գործարանների հաշվին կունենանք երկնիշ տնտեսական աճ, ժողովրդի վիճակը շատ, թե քիչ կլավանա, ու էլ ամեն մեկը քաղաքականությամբ չի զբաղվի:

Հ.Գ. Շատ բան կար ասելու, մնացածը՝ մյուս անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել