Նոյեմբերի 19-ին կկայանա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Կարծիք կա, որ այս ֆիլմը «տղամարդկային» է, սակայն պետք չէ թերագնահատել կանանց դերակատարումն այս ֆիլմում։ Թեև նրանց դերակատարումները փոքր են, յուրաքանչյուրն ունի իր ասելիքն ու առանձնահատուկ տեղը։ BlogNews-ն այս անգամ ներկայացնում է «Որոգայթի» կին հերոսներին.

Սոֆյա Պողոսյանը «Որոգայթում» ներկայացել է Հովոյի երիտասարդ տարիքի սիրո կերպարով։ «Դերս փոքր է, սակայն իր ուրույն տեղն ունի ֆիլմում։ Դրական, ուրախ աղջիկ է, ով սիրահարված է Հովոյին, սակայն հետագայում ինչ-որ տեղ բացասական է դառնում, քանի որ երբ Հովոյին բանտ են նստեցնում, չի սպասում նրան, ամուսնանում է»,- ասաց Սոֆյան։ Դերասանուհու հիմնական խաղընկերը եղել է Սարգիս Գրիգորյանը։ Սոֆյան նշեց, որ Սարգսի հետ շատ հեշտ էր աշխատելը։

Դերասանուհին ֆիլմում սևահեր է, հատուկ այս կերպարի համար նա գունափոխել է մազերը։

Հասուն տարիքում Հովոյի կերպարի սերը դառնում է Ելենա Բորիսենկոյի կերտած հերոսուհին։ «Կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ շատ քիչ ժամանակահատվածում պետք է ներկայացնես՝ ինչու է Հովոն հենց քեզ սիրահարվում, ինչը գրավեց այդ ուժեղ տղամարդուն։ Կերպարս ուժեղ կին է, ով կորցրել է իր ամուսնուն։ Նա իր վախն ունի, սակայն այդ վախի մեջ ուժ էլ կա, որն էլ, երևի թե, գրավեց Հովոյին,- նշեց Ելենան և հավելեց, որ ամենահետաքրքիր բանն է անել մի բան, որը նախկինում չես արել։ -Թվում է՝ և՛ էմոցիոնալ դերեր ես խաղացել, և՛ ուժեղ, և՛ թույլ, սակայն երբ այդ ամենը միացնում ես, նոր բան ես ստանում»։

Անդրադառնալով ֆիլմում իր և Հովոյի համբույրի տեսարանին՝ դերասանուհին ասաց, որ երբ հայ իրականության համար ոչ ստանդարտ տեսարան է լինում, իր համար կարևորն այն է, թե որ ռեժիսորի մոտ է դա անում, որպեսզի գռեհիկ չստացվի։ «Դա դերասանի մասնագիտության մի մասն է։ Պրոֆեսիոնալ արված աշխատանք էր, իսկ խոսակցությունները փորձում եմ շրջանցել։ Համբույրն իրական էր, սակայն երբ նայում ես, շատ թեթև է երևում։ Նույնիսկ ռեժիսորին ասում եմ՝ եթե այսքանը պետք է ցույց տայիք, էլ ինչո՞ւ էինք համբուրվում։)»,- ասաց Ելենան։

Մինչ Ելենայի հերոսուհուն հանդիպելը Հովոն արդեն ամուսնացած եղել էր։ Նրա առաջին կնոջը մարմնավորում է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Նա նույնպես նշեց, որ իր դերը մեծ չէ, սակայն կերպարը շատ հետաքրքիր էր. «Հովոյից բաժանվելուց հետո հերոսուհիս երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն իր մեջ մնացել է այդ հեռավոր սերը դեպի առաջին ամուսինը։ Որոշեցինք այդ նուրբ էլեմենտն ավելացրել»։

Մարջանը նշեց, որ իր համար առաջին հերթին կարևոր է սցենարը, աշխատանքի որակը, ոչ թե  ֆիլմի ժանրը։ «Այստեղ շատ քիչ բան էր պահանջվում անել, բայց ինձ հետաքրքիր էր։ Մեծ, խորը դերեր ունեցել եմ իմ կյանքում, սակայն ինձ ավելի հետաքրքիր էր՝ այդ կարճ հատվածում կկարողանա՞մ ներկայացնել այդ էմոցիաներն այնպես, ինչպես պետք է լինի»,- ասաց նա ու հավելեց, որ արդյունքը կարող է գնահատել ֆիլմը դիտելուց հետո։

Հովոյի մայրիկի դերը խաղացել է Սաթիկ Հախնազարյանը։ Նա խաղացել է Հովոյի երիտասարդ տարիքի դերասանի՝ Սարգիս Գրիգորյանի հետ, քանի որ հետագայում մահանում է։ «Ռոմանն ինձ առաջարկեց այս կերպարն առանց փորձի։ Նա շատ էր ցանկանում, որ այս դերը ես խաղամ, ես էլ՝ նկահարանվել Ռոմանի ֆիլմում։ Ինձ համար կարևոր էր հասկանալ՝ ինչ կկարողանամ տալ ֆիլմին, և ֆիլմն ինչ կարող է տալ ինձ՝ որպես դերասանուհի։ Սցենարը կարդալուց հետո հասկացա, որ բավականին հետաքրքիր և լուրջ դեր է։ Հերոսուհիս մայր է, ով գիտի, որ զավակի մեջ սերմանել է մաքրություն, ազնվություն, գիտի, որ նա լավն է, սակայն միևնույն ժամանակ զգում է, որ որդին խնդիրների մեջ է, ինչ-որ բան այնպես չի դասավորվում նրա կյանքում։ Ես սիրով եմ աշխատել այս ֆիլմում»,- ասաց դերասանուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել