Blognews.am-ն արդեն պատմել է «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» բարեգործական համերգի մասին. համերգի մասնակիցների նպատակն էր որոշ չափով օգնել իրենց ընկերոջը, իսկ մտահղացումը Խաչիկ Եղոյանինն էր: Չնայած մինչև համերգը գաղտնի էր պահվում այն մարդու անունը, ում օգնելու համար կազմակերպվել էր համերգը, բայց երեկոյի հանդիսավարներից Վահագն Գրիգորյանը և Արմուշը բացեցին փակագծերը և ասացին, որ ամբողջ հասույթը տրամադրելու են ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի բուժմանը:
Հետաքրքիր էր մեկ բեմում հանդիսավարների կարգավիճակում տեսնել Վիտամինցի Արմուշին, «32 ատամի» Վահագն Գրիգորյանին, Ռաֆայել Երանոսյանին և Անդրանիկ Հարությունյանին, այս քառյակը մինչև համերգի ավարտը բավականին բարձր պահեց հանդիսատեսի տրամադրությունը: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ անսպասելիորեն հայտնվեց հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, նա ստիպված եղավ ընտրել, թե տղաներից ում հետ պետք է վարի երեկոն։ Ընտրությունը կատարվեց հետևյալ հերթականությամբ. սկզբում՝ Անդոն, հետո՝ Ռաֆոն, ապա՝ Արմուշը, վերջում՝ Վահագնը:
Համերգի բացումն արեց Նարեկ Բավեյանն «A-ERA» պարային համույթի հետ միասին: Նարեկը և Սուրեն Թադևոսյանը վաղեմի ընկերներ են, Նարեկի «Քո հոգին» տեսահոլովակի ռեժիսորը հենց Սուրենն է: Երեկոյի ընթացքում երգեց նաև Հասմիկ Կարապետյանը, ով նշեց, թե ինչքան էր կարոտել իր հանդիսատեսին և բեմը, նա չբացառեց, որ շատ շուտով կուրախացնի իր երկրպագուներին նոր երգերով, այնուհետև ելույթ ունեցան Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Արամեն,Հայկ Դուրգարյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանն էլ ուրախացրեց բոլորին իր նոր գունավոր երգով և նշեց, որ իր «Օրը և ներկան» տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Սուրենն էր, իսկ տեսահոլովակը ժամանակին նրան մեծ հաջողություն բերեց։ Բեմում հանդես եկան նաև Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը, Անգելինա Գասպարյանը, Անահիտ Սիմոնյանը, Մրոն, Նարեկը «Մեծ Հայք»-ից, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Հայկոն, ով հորդորեց շատ սիրել իրար և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, որ միացել են նախաձեռնությանը: Անակնկալ էր նաև երեկոյի ընթացքում դուդուկահար Կամո Սեյրանյանի և «Forbidden saints» խմբի ելույթը, բացի նրանց հիմնական երաժշտությունից՝ նրանք նաև փոքրիկ իմպրովիզ արեցին, ինչը հանդիսատեսին չափազանց դուր եկավ:
Մոտ երեք ժամ տևած համերգը միայն խինդ և դրական լիցքեր պարգևեց հանդիսատեսին, մարդիկ չէին խնայում իրենց բարձր ծափահարությունները:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի