ՀՀ ներքաղաքական դաշտում ներկայումս ստեղծվել է հետաքրքրական իրավիճակ, որը պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների գործընթացով: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումներով դաշտը բաժանվել է երկու հատվածի` «Այո»-ի կոմնակիցները և իր խայտաբղետ կառուցվածքով ներկայացող «Ոչ»-ի ճակատները:

«Ոչ»-ի ուղեծրում գործող ուժերը փորձեր են անում ստեղծել իրենց գործողությունները կոորդինացնելու մի շարք հարթակներ, սակայն այդպես էլ նրանց, հաշվի առնելով առկա որոշակի մարտավարական տարաձայնություններ, չի հաջողվում ստեղծել միասնական կառույց, որը թույլ կտա մի կետից կոորդինացնել իրենց քայլերը: Արդյունքում «Ոչ»-ի դաշտում գործում են մի կողմից «Նոր Հայաստան» փրկության ճակատը, ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի միասնական «Ոչ»-ի ճակատը, իսկ մյուս կողմից քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ՝ ներառյալ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը: Մեկ այլ հարթակում գործում է «Ոչ»-ի դիրքորոշում որդեգրած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը՝ ՕԵԿ-ի գլխավորությամբ, որը գործուն քայլերի չի դիմում և տպավորություն է առաջանում, թե «Հայկական վերածնունդը» գործում է սպասողական դիրքերից: «Ոչ»-ի պասիվ պայքարի կողմնակիցների շարքին կարելի է դասել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ավելի շատ կողմնակից է և քաղաքական դաշտ է փորձում ներբեռնել ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը` վկայակոչելով, որ միայն այդ պարագայում կարելի կլինի հասնել որոշակի հաջողության:

Մնացյալ «Նոր Հայաստան» ճակատը և «Ոչ»-ի ճակատը նախընտրում են իրենց պայքարը տանել հանրահավաքային քարոզարշավի տեսքով: Սակայն ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, «Ոչ»-ի հանրահավաքներն ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, ըստ ակցիային մասնակից ընդդիմադիր գործիչների, այնքան էլ մարդաշատ չէին և չէին բավարարում «Ոչ»-ականների սպասումները, քանի որ լավագույն դեպքում ակցիաների մասնակիցների թվաքանակը չէր անցնում մի քանի հարյուրից:

Այս ամենն ի ցույց է դնում այն հանգամանքը, որ հանրությունը կարծես թե հոգնել է այսպես ասած «անվերջ հանրահավաքներից», որոնք որևէ լուրջ փոփոխության չեն հանգեցնում:

Ի վերջո, խնդիր է առաջացել քաղաքական պայքարի և քարոզարշավի գործընթացում թարմություն մտցնել՝ որդեգրելով գործողությունների նոր մարտավարական մոտեցում, քանի որ միայն հանրահավաքներով սայլը տեղից չի շարժվի: Թե ինչքանով հաշվի կառնեն «Ոչ»-ի ուժերը այս հանգամանքը, թերևս որոշակի առումով պայմանվորված կլինի նրանց հաջողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել