Exclusive
Օրերս համացանցում հայտնվել է Գոռ Վարդանյանի նոր՝ «Հրեշների գայլը» ֆիլմի սաունդթրեքը։ Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, հավանաբար այն պատրաստ կլինի այս ամսվա ընթացքում։ Գոռ Վարդանյանի նոր ֆիլմն արդեն հասցրել է հայտնվել քննադատությունների կիզակետում, մասնավորապես, քննարկվում է, որ կուսակցական գործչին հեռացնում են կուսակցությունից՝ անբարո վարք ունենալու համար, իսկ այդ վարքագծի տեր մարդը «Հանրապետական» կուսակցության անդամ էր։ Համացանցում արդեն հայտնվել են գրառումներ, որ Գոռ Վարդանյանը փորձել է լավություն անել ՀՀԿ-ին, այնինչ վատություն է ստացվել։
BlogNews-ն այս մասին խոսեց Գոռ Վարդանյանի հետ։ «Մեր ժողովուրդն ամեն ինչի մեջ վատ բան է տեսնում։ Չի կարելի քննադատել կամ քննարկել էպիզոդը»,- ասաց նա ու խորհուրդ տվեց ֆիլմի մասին քննարկումներ անել այն դիտելուց հետո։ «Թրեյլերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Այո՛, մեր ցանկությունն է, մեր երազած երկիրն է, որ բոլորը լինեն օրինակելի, հատկապես՝ պետական պաշտոնյաները։ Հատկապես եթե «Հարապետական» կուսակցության անդամներից մեկն իրեն անօրինականություն թույլ կտա, նա կդատապարտվի օրենքի խստագույն եղանակով։ Ֆիլմում ունենք նման կերպար, բայց նրա մասին կարող եք ինչ-որ բան գրել ֆիլմը դիտելուց հետո, այդ ժամանակ կհասկանաք՝ կերպարի վերջն ինչ է լինում,- նշեց դերասանն ու հավելեց, որ ֆիլմը գեղարվեստական է, ոչ թե փաստագրական։-Մենք ցույց ենք տալիս, որ եթե կա ինչ-որ մեկը, ով իր պահվածքով և ապրելակերպով չի համապատասխանում նորմալ չափանիշներին, նշանակություն չունի՝ ով է։ Ավելի վատ, եթե հանրապետական է, նա իր պատիժը ստանում է, որովհետև եթե պետական պաշտոնյա է (թեկուզև հանրապետական կուսակցության ներկայացուցիչ) և օրենք է խախտում, ավելի խիստ պատիժ է ստանում, քան սովորական քաղաքացին։ Այս սկզբունքն է պահպանված»։
Ըստ նրա՝ ֆիլմը շատ հետաքրքիր է։ «Կարծում եմ՝ ֆիլմն իր տեղը կգտնի մեր հասարակության մեջ։ Այս ֆիլմում պրոպագանդում է լավ ոստիկանի կերպարը, այն ոստիկանի, որը մենք ուզում ենք ունենալ մեր երկրում, որպեսզի ժողովուրդը լինի պաշտպանված և սիրի այդ ոստիկանին»,- ասաց Գոռն ու հավելեց, որ ֆիլմը նկարահանվել է ոստիկանապետի աջակցությամբ։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի