Ղարաբաղյան հերոսապատումը
ԷԴՎԱՐԴ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
Արցախը հայկական այն երկրամասերից է, որտեղ կազմավորվել եւ հազարամյակների իր զարգացումն է ապրել հայ ժողովուրդը: Հայոց պետականության զարգացման բոլոր փուլերում Արցախը մշտապես եղել է հայկական պետության անքակտելի մասը:
Արցախի դերը հայոց պատմության մեջ, մի քանի առումներով, հատկապես մեծացավ հայկական միասնական պետության անկումից հետո.


1. Արցախում, մինչեւ 19-րդ դարը, այս կամ այն կերպ պահպանվեցին հայկական պետական կազմավորումները առանձին իշխանությունների եւ մելիքությունների տեսքով:
2. Արցախը դարձավ հայ ազատագրական շարժման գլխավոր օջախներից մեկը:
3. Արցախը Հայաստանի այն բացառիկ երկրամասերից էր, որ դարերի հոլովույթում անաղարտ պահեց իր ազգային նկարագիրը: Արցախը 20-րդ դար թեւակոխեց 95 տոկոս հայ բնակչությամբ:

Արցախի այսպես կոչված հիմնահարցի առաջացումն արհեստածին է, պանթուրքիզմի վարդապետության գործնական դրսեւորումներից մեկը: Հայտնի է, որ բոլշեւիկների 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը եւ Կովկասի դռները բացվեցին Թուրքիայի առջեւ: Անցնելով լայնածավալ հակահարձակման ամայացած ռազմաճակատում, թուրքական զորքերը Անդրկովկասում կատարեցին տարածքային մեծ նվաճումներ հասնելով մինչեւ Բաքու: Սակայն Թուրքիան իրեն հաշիվ էր տալիս, որ գերմանա-թուրքական բլոկը համաշխարհային պատերազմը տանուլ էր տվել, հետեւաբար թուրքերի նվաճումները ժամանակավոր էին եւ վաղ թե ուշ իրենք հարկադրված պետք է թողնեին Անդրկովկասի սահմանները: Այսպիսի պայմաններում թուրքական դիվանագիտույթունը որդեգրեց նոր մարտավարությունՙ իր առջեւ դնելով 2 հիմնական խնդիր. 1) Մինչ հեռացումը Անդրկովկասի իրենց նվաճած երկրամասերում ստեղծել նոր թուրքական պետություն: Դա կատարվեց եւ թուրքական սվիններով 1918թ. ստեղծվեց Ադրբեջան հորջորջումով արհեստածին թուրքական պետությունը: 2) Կապ ստեղծել Օսմանյան Թուրքիայի եւ նոր թուրքական պետությանՙ Ադրբեջանի միջեւ: Սակայն այդ կապին խանգարում էր հայերի բնօրրան Արցախը, Զանգեզուրը, Նախիջեւանը:
Եվ ահա Թուրքիայի սադրանքով Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջեց այդ տարածքները եւ թուրքական զորքերի օգնությամբ փորձեց նվաճել դրանք: Օսմանյան Թուրքիայի պանթուրքիստական նկրտումների, նաեւ արեւելահայերի նկատմամբ գործադրած ցեղասպանության, ինչպես նաեւ Ղարաբաղը ի սկզբանե հայկական լինելու մասին վկայում են Թուրքիայի դաշնակից Գերմանիայի պաշտոնական վավերագրերը. «Էնվերի հակասական պնդումները սոսկ վարագույր են օկուպացված երկիրը (Արեւելյան Հայաստանը- Է. Դ.) ամայացնելու եւ քայքայելու համար: Թուրքերը նաեւ ուզում են Ադրբեջանով թափանցել վաղնջական հայկական Ղարաբաղի (ընդգծումն իմն է- Է. Դ.) նահանգ եւ ավերել այն: Անխուսափելի են զինված լեռնցիների նոր կռիվները մահմեդականների դեմ... Թուրքերը մտադիր են բնաջնջել հայերին: Հայերին հալածում են հնարավոր ամեն տեղ... Եթե դա չի հաջողվում, ապա նրանց հարկադրաբար մատնում են քաղցի եւ աղքատության»,- գրում էր գեներալ ֆոն Կրեսը 1918 թ. օգոստոսին Գերմանիայի կանցլեր Հերտլինգին (տե՛ս «Геноцидармянв Османской империи: Сборник документов и материалов», Ереван, 1982,стр522-523):
Սակայն թուրք-ադրբեջանական ելուզակները հզոր դիմադրության են հանդիպում Զանգեզուրում եւ «վաղնջական հայկական նահանգ Ղարաբաղում»: Մեր խնդրից դուրս է Արցախի 1918-1921թթ. դյուցազնամարտի նկարագրությունը: Առաջ անցնելով պարզապես նշենք, որ թուրքերին եւ ադրբեջանցիներին ոչ միայն 1918թ., այլեւ հետագայում չհաջողվեց զենքի միջոցով Ղարաբաղը եւ Զանգեզուրը բռնակցել արհեստածին պետություն Ադրբեջանին: Եվ երբ Ադրբեջանը 1920թ. ապրիլին խորհրդայնացավ, նա իր կազմում չուներ ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Նախիջեւանը: Միայն 1921թ., երբ Հայաստանի Հանրապետության տարածքը բռնազավթվել էր թուրքերի եւ ռուսների կողմից, քեմալա-բոլշեւիկյան սիրախաղի միջոցով հայկական այդ երկրամասերը բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին: Արցախյան շարժումը թեւակոխեց II փուլ 1921-1988թթ.:
Կուսակցական տեղական ապարատի մակարդակով Լեռնային Ղարաբաղը բռնակցելով Խորհրդային Ադրբեջանին (խոսքըՙ բոլշեւիկյան կուսակցության ռեգիոնալ մարմնի այսպես կոչված «Կովկասյան բյուրոյի» 1921թ. հուլիսի 5-ի առանց քվեարկության ընդունված ապօրինի որոշման մասին է: Միջազգային իրավունքում նախադեպը չունեցող այս փաստի վրա պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը), ադրբեջանական կառավարությունը շուրջ 70 տարի ինքնավար մարզում վարում էր մի քաղաքականություն, որի նպատակն էր հայկական երկրամասի թրքացումը: Այդ նպատակով ինքնավար մարզից անջատվեցին հայկական մի շարք շրջաններ եւ արգելվեցին կապերը Հայաստանի հետ, ոչնչացվեցին պատմական շատ հուշարձաններ, իսկ մնացածները հռչակվեցին «ադրբեջանական» մշակույթի արժեքներ: Գոյապահպանության համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայությունը հանգեցրեց հայերի զանգվածային արտագաղթին, որի հետեւանքով շուրջ 60 տարիների ընթացքում հայ բնակչությունը գրեթե աճ չտվեց: Այսպես, 1926թ. մարդահամարի տվյալներով, եթե հայերի թիվը Լեռնային Ղարաբաղում 112 հազար էր, ապա 1979թ. 123 հազար (աճը 10 տոկոս): Նույն թվականների միջոցով թուրքերի թիվը 12 հազարից հասավ 37 հազարի (աճը ավելի քան 3 անգամ):
Հայ ժողովուրդը երբեք չհաշտվեց իր հայրենիքի այս փոքր տարածքի բռնազավթման հետ եւ խորհրդային 70 տարիների ընթացքում մի քանի անգամ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը:
Այսպես, Ղարաբաղյան հարցը վերաբացվել է.
1) 1923թ. Ինքնավար մարզի հռչակումից մի քանի օր առաջ, բոլշեւիկ Սուրեն Շադունցի կողմից:
2) 1936թ. կապված Անդրֆեդերացիայի լուծարքի եւ ԽՍՀՄ նոր սահմանադրության ընդունման հետ:
3) 1945թ., երբ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Հարությունովը նամակով դիմեց Ստալինին, խնդրելովՙ Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին:
4) 1960-ական թթ. կեսերին Ազգային զարթոնքի շրջանում:
5) 1977թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ:
Հարկ է նշել, որ Ղարաբաղի հարցի հետ միասին օրակարգ էր մտցվել նաեւ Նախիջեւանի երկրամասը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդիրը: ԽՍՀՄ-ում գորբաչովյան «Պերեստրոյկա»-ն (1985թ.) նպատակ ուներ բոլշեւիկյան կայսերապետությունը դուրս բերել տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից: Սակայն մի կողմից իրագործվող բարեփոխությունների կիսատ-պռատությունը եւ երկչոտությունը, մյուս կողմիցՙ վերակառուցման քաղաքականության մեջ ազգային խնդիրների բացակայությունն էլ ավելի սրեցին ճգնաժամը եւ բանտված ժողովուրդներին մղեց ազգային-ազատագրական պայքարի:
Առաջինը ոտքի կանգնեց հայ ժողովուրդը: 1988թ. փետրվարը շրջադարձային է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ԽՍՀՄ ժողովուրդների եւ սոցիալիստական ճամբարի անդամ մյուս երկրների համար: Արցախյան շարժումն իրենով նշանավորեց նաեւ նրանց ազգային զարթոնքը եւ սկիզբ դրեց ԽՍՀՄ փլուզման գործընթացին:
Դեռեւս 1987թ. ընթացքում Արցախի աշխատավորական կոլեկտիվները ընդունեցին որոշումներ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Այդ որոշումները ներկայացվեցին ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին: Եվ ահա 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանն ընդունեց պատմական որոշում ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին: նույն օրը Հայաստանում զանգվածային ելույթներ սկսվեցին պաշտպանելու մարզի հայ բնակչության պահանջը: Դա իր արտահայտությունը գտավ կոլեկտիվներում ընդունված որոշումներում, միտինգներում, ցույցերում, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ:
1988թ. փետրվարին Ի. Մուրադյանի եւ Վ. Սարուխանյանի գլխավորությամբ Երեւանում ստեղծվեց «Կազմկոմիտե», որը ղեկավարում էր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները: Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ մարտի սկզբներին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտե, իսկ Արցախում «Կռունկ»-ը, որոնք կոորդինացնում եւ ղեկավարում էին Ղարաբաղյան շարժումը:
Շարժման աննախադեպ չափը եւ միասնականությունը անակնկալի բերեց Մոսկվային: Փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, որով շարժումը որակվեց «ծայրահեղական» եւ «նացիոնալիստների» կողմից հրահրված: Ղարաբաղյան շարժման ահագնացող ծավալը ստիպեց Գորբաչովին փետրվարի 26-ին ուղերձ հղել Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատավորներին, որում հանգստության կոչ էր անում: Ուշադրություն դարձնենք, որ Գորբաչովի կոչն ուղղված էր նաեւ ադրբեջանցիներին, թեպետ մինչ նրա ուղերձը Ադրբեջանը հանգիստ վիճակում էր, փաստ, որը բավարար ուշադրության չի արժանացել: Սակայն դա զարմանալի չէ: Պարզապես Մոսկվան համոզվելով, որ քաղաքական մեթոդներով հնարավոր չէր մարել շարժումը, որոշեց օգտագործել դեռեւս ցարիզմի կողմից կիրառված մեթոդը, այն էՙ ժողովուրդների միջեւ թշնամանք եւ կոտորածներ հրահրելը: Եվ զարմանալի չէ, որ հայերի առաջին ջարդը կազմակերպվեց ոչ թե մայրաքաղաք Բաքվում, որին «քնից» հանելու փորձերը դեռեւս արդյունք չէին տալիս, կամ հանրապետության երկրորդ քաղաք Կիրովաբադ-Գանձակում, որտեղ հայերը ստվարաթիվ էին, ապրում էին կոմպակտ եւ կարող էին հաջող դիմադրություն ցույց տալ, այլ Ադրբեջանի «Արշակավանում» Սումգայիթում: Քաղաք, որը հիմնադրվել էր 1949թ. եւ 30 տարվա ընթացքում (ըստ 1979թ. մարդահամարի տվյալների), հիմնականում գյուղական շրջաններից, այստեղ էր թափվել ավելի քան 200 հազար բնակչություն: Ահա հետամնաց եւ խառնիճաղանջ այս բազմության միջավայրում պետք է կազմակերպվեր հայոց սպանդը եւ բռնագաղթը:
Գորբաչովի դիմումը Հայաստանում ընդունվեց մեծ հույսով եւ փետրվարի 27-ի միտինգում որոշվեց դադարեցնել համազգային գործադուլը եւ անցնել աշխատանքի: Սակայն Գորբաչովի ուղերձն այլ կերպ ընկալեցին Ադրբեջանում: Այն, ըստ էության, կենտրոնական իշխանությունների հրահանգն էրՙ սկսել նախապես կազմակերպած կոտորածը: Սումգայիթում ջարդերն ու վայրագությունները, որ ընթանում էին «մահ հայերին» կարգախոսով, տեւեցին 3 օրՙ փետրվարի 27-29-ին: Դա փաստորեն ցեղասպանություն էր, քանի որ, ինչպես այդ օրերին կոմունիստների պաշտոնաթերթ «Պրավդա»-ն էր գրում, մարդկանց սպանում էին այն բանի համար, որ նրանք հայեր էին: Միայն երեք օր հետո խորհրդային զորքերը «օգնության» հասան, այն էլ առանց կրակելու իրավունքի: Իսկ Գորբաչովն էլ կեղծելով իրողությունը հայտարարեց, թե զորքերն ուշացան 3 ժամով:
Սակայն սումգայիթյան եղեռնագործությունը ոչ թե մարեց (ինչին սպասում էին կենտրոնական իշխանությունները), այլ ավելի ահագնացրեց Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց համազգային շարժման իր մեջ ներառելով ներքին եւ արտաքին սփյուռքի հայությանը:
Այնուհետեւ Մոսկվան փորձեց քաղաքական բնույթ ունեցող ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնել որպես սոցիալ-տնտեսական բովանդակություն ունեցող խնդիր: Այդ նպատակով ԽՄԿԿ Կենտկոմը եւ ԽՍՀՄ Մինիստների խորհուրդը, 1988թ. մարտի 24-ին, որոշում ընդունեցին, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր 400 մլն. ռուբլի: Ամենուրեք թմբկահարվում էր, թե իբր հայերի բողոքի պատճառը մարզում կուտակված սոցիալ-տնտեսական եւ մշակութային բնույթի հարցերն էին եւ տրված 400 մլն ռուբլով պետք է լուծվեին այդ հիմնախնդիրները:
Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն, իր կրավորական եւ ազգախոշոշ կեցվածքի համար, հենց սկզբից մերժվեց ժողովրդի կողմից: Նա մերժվեց նաեւ բոլշեւիկյան արքունիքի կողմից, որովհետեւ չէր կարողացել ներազդել դեպքերի ընթացքի վրա: Նման իրավիճակի տրամաբանական շարունակությունը հանրապետության ղեկավար կազմի փոփոխությունն էր. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հեռացվեց իշխանությունից, որին փոխարինեց Սուրեն Հարությունյանը: Սակայն վերջինիս նույնպես չկարողացավ շարժումը շեղել Մոսկվայի համար ցանկալի հունով:
Դժբախտաբար, խմորումներ էին սկսվել նաեւ Ղարաբաղյան շարժման ղեկավար կորիզի շրջանում: Շարժման մեջ հսկայական ներդրում ունեցող Ի. Մուրադյանը եւ Վ. Սարուխանյանը հեռացվեցին: 1988թ. մայիսին ստեղծվեց 11 հոգուց բաղկացած նոր ղեկավար կենտրոն «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ն (Վ. Մանուկյան, Ա. Մանուչարյան, Ս. Ղազարյան, Լ. Տեր-Պետրոսյան, Բ. Արարքցյան, Հ. Գալստյան եւ այլք):
Համաժողովրդական տեւական ճնշման արդյունքում ի վերջո 1988թ. հունիսի 15-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանը ընդունեց որոշում ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին եւ հարցին դրական լուծում տալու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին: Սակայն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, տուրք տալով կայսերապետական քաղաքականությանը, 1988թ. հուլիսի 18-ի նիստում անընդունելի համարեց Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելը հենվելով ԽՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, ըստ որի խորհրդային այս կամ այն հանրապետության սահմանը չէր կարող փոխվել առանց նրա համաձայնության: Լեռնային Ղարաբաղի քաղաքական հարցը մտավ սահմանադրական փակուղի: Հարկ է նշել, որ տխրահռչակ այս նիստին փայլուն ելույթներ ունեցան մասնակից հայ ներկայացուցիչները, հատկապես Դադամյանը, Երեւանի համալսարանի ռեկտոր Ս. Համբարձումյանը:
ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները, օգտագործելով 1988թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի առաջացրած դժվարությունները Հայաստանում, փորձեցին նոր գործնական քայլերով մարել Ղարաբաղյան շարժումը: 1988թ. դեկտեմբեր-1989թ. հունվար ամիսներին ձերբակալվեցին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամները: Իսկ 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով կազմացրվեցին Լեռնային Ղարաբաղի խորհրդային իշխանության մարմինները (Մարզային խորհուրդը, Քաղխորհուրդը, կուսակցության մարզային կոմիտեն) եւ մարզում մտցվեց կառավարման հատուկ ձեւ: Կազմվեց ԼՂԻՄ-ի «Հատուկ կառավարման կոմիտե» Ա. Վոլսկու գլխավորությամբ: Տպավորություն ստեղծվեց, որ Լեռնային Ղարաբաղը դուրս էր բերվում Ադրբեջանի տիրապետությունից եւ դրվում էր Մոսկվայի վերահսկողության տակ, որովհետեւ Ա. Վոլսկին ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր (հիշենք 1917թ. ապրիլի 26-ի Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հրովարտակը, մինչեւ ռուսական զորքերի կողմից ազատագրված Արեւմտյան Հայաստանի վերջնական կարգավիճակի որոշումը, երկրամասը դուրս էր բերվում Կովկասի ռազմական իշխանությունների տնօրինումից եւ հանձնվում Պետրոգրադի կենտրոնական իշխանության կառավարմանը հանձին կենտրոնի ներկայացուցիչ, ընդհանուր կոմիսար Դ. Ավերյանովի): Դա սկզբնական շրջանում որոշ ոգեւորություն առաջացրեց: Սակայն շուտով պարզվեց, որ դա պատրանք է, կրքերը հանգստացնելու համար կենտրոնի կողմից ձեռնարկած հերթական աճպարար քայլը: «Հատուկ կառավարման կոմիտե»-ն սպասված արդյունքը չտվեց, որի հետեւանքով ավելի սրվեցին ազգամիջյան հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղը մխրճվեց երկարատեւ գործադուլների մեջ:
Ստեղծված պայմաններում հայերը դիմեցին պատասխան գործողությունների: 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում (ԼՂԻՄ-ի լիազոր ներկայացուցիչների համագումարում) ստեղծվեց Ազգային խորհուրդ, որին հանձնվեց Լեռնային Ղարաբաղի կառավարումը մինչեւ կառավարման սահմանադրական ձեւի վերականգնումը: ԽՍՀՄ եւ ադրբեջանական իշխանությունները միջոցների դիմեցին շրջափակելու Ազգային խորհրդի գործունեությունը: Այդ նպատակին էր ուղղված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի տխրահռչակ որոշումը, որով ստեղծվեց մարզի կառավարման հանրապետական (Ադրբեջանի) կազմկոմիտե Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ: Կազմկոմիտեն մարզը հայաթափելու քաղաքական կուրս վերցրեց:
Չհապաղեց հայ ժողովրդի պատասխան հարվածը. 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ պատմական որոշումով հռչակեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը:
Դրանից հետո Մոսկվան եւ Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի ուժեղացրին հանցագործության հասնող պետական ահաբեկչությունը ոչ միայն արցախահայության, այլեւ Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ: Այդ քաղաքականության արդյունքն ու հետեւանքն էր Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերը (հունվարի 13-20-ը), որի հետեւանքով ավելի քան 200 հազար հայ ունեցող Բաքուն հայաթափվեց: Մեկ շաբաթ շարունակ կենտրոնական իշխանությունները չէին միջամտում եւ կանխում հայերի ջարդը, բայց երբ ջարդերը տարածվեցին նաեւ ռուս բնակչության վրա զորքերը մտան Բաքու:
Լկտիացած ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների սադրանքներից եւ թողտվությունից Ադրբեջանի ժողովրդական ճակատի գրոհայինները հարձակման անցան (հունվար-փետրվար) հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր բոլոր ուղղություններով Երասխավան, Վայք, Կապան, Մեղրի, Իջեւան, Տավուշ, Նոյեմբերյան եւ այլն), սակայն ծանր հարվածներ ստացան արագորեն ձեւավորվող հայկական ինքնապաշտպանական զորախմբերի կողմից: Փաստորեն, Բաքվի 1990թ. հունվարյան ջարդերով սկսվեց այն, ինչին ձգտում էր Մոսկվան հայ-ադրբեջանական պատերազմը, որն իր մակընթացություններով եւ տեղատվություններով շարունակվեց մինչեւ 1994թ. մայիսը, երբ ջախջախիչ պարտություն կրած Ադրբեջանը, Ռուսաստանի միջնորդությամբ, խնդրեց զինադադար:
Անշո՛ւշտ, դեպքերը նման ընթացք չէին ունենա, եթե բոլշեւիկյան արքունիքը հենց սկզբից լրջորեն քննարկեր Լեռնային Ղարաբաղի «պրոբլեմը» եւ խմբագրեր 1921թ. թույլ տված իր սխալը եւ ոչ թե ի լուր բոլորի հայտարարեր «իսկ հայերը դրա հետեւանքների մասին մտածե՞լ են արդյոք»: Այս թափանցիկ ակնարկը, ըստ էության, կենտրոնական իշխանության հրահանգն էր Ադրբեջանում սկսելու հայերի ցեղասպանության եւ բռնագաղթի քաղաքականություն, որի արդյունքում եւ հրահրվեց հայ-ադրբեջանական պատերազմը: Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթեց շուրջ 350 հազար հայ, որից 250 հազարն անցավ Հայաստան: Ըստ էության հայերն արտաքսվեցին Ադրբեջանի քաղաքային բոլոր բնակավայրերից, բացի այդ դատարկվեցին 170 գյուղական բնակավայրեր, այդ թվում Հյուսիսային Արցախը:
ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունն իր հակահայ քաղաքականությամբ ձգտում էր փակել Լեռնային Ղարաբաղի «պրոբլեմը», որպեսզի նախադեպ չստեղծվեր Միությունում կուտակված համանման պրոբլեմների համար: Սակայն Մոսկվայի նման կայսերապետական մտածողությունը բումերանգի նման հարվածեց առաջին հերթին հենց կայսրությանը: Ղարաբաղյան շարժման փորձով համոզվելով, որ Մոսկվան մտադիր չէ ոչ մի զիջում անել ազգային հարցերի ոլորտում եւ հզոր կայսրության դեմ հնարավոր է պայքարել, ոտքի ելան նաեւ բանտված այլ ժողովուրդներ: ԽՍՀՄ-ի շրջանակներում չտեսնելով իրենց ազգային գոյության եւ զարգացման համար ոչ մի հեռանկար իրենց անկախության Հհռչակագիրը հրապարակեցին նաեւ մերձբալթյան հանրապետությունները: Նույն ճանապարհը բռնեցին նաեւ այլ հանրապետություններ:
Այսպիսով, Ղարաբաղյան շարժումը ցնցեց կայսրության հիմքերը եւ անկախության տարավ մի շարք ժողովուրդների. սրանում է մեր ազատագրական շարժման համաշխարհային պատմական նշանակությունը, եւ այսօր աշխարհը բարոյական պարտավորվածություն ունի ճանաչելու իր հայրենիքի տարածքում Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա առաջին հերթին վերաբերում է մեր շարժման արդյունքում անկախացած Ադրբեջանին. դրա համար ադրբեջանական ժողովուրդը պետք է կարողանա ձերբազատվել իր վզին արհեստականորեն փաթաթված պանթուրքիստական զառանցանքներից:
1991թ. օգոստոսի 19-ին Կոմկուսի ղեկավարությունը եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ը Մոսկվայում փորձեցին կատարել պետական հեղաշրջում, որն անհաջող ելք ունեցավ եւ հասցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը: Բոլշեւիկյան կայսերապետության անկումից հետո նոր հեռանկարներ բացվեցին Արցախի խնդրի լուծման համար:
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանի սահմաններում հռչակել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն (ԼՂՀ): Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցած 109 հազար արցախցիների 99,9 տոկոսը դրական պատասխանեց ԼՂՀ-ի անկախության հռչակմանը: 1992թ. հունվարին Ստեփանակերտում բացվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նստաշրջանը, որը վավերացրեց ԼՂՀ անկախության Հռչակագիրը, պետական լեզու հայտարարեց հայերենը, հաստատեց երկքաղաքացիության օրենքը: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանը:
1992-1994թթ. նշանավորվեցին նորանկախ հայկական պետության հիմքերն ամրապնդող նվաճումներով: Այդ ընթացքում բնաջնջվեցին մայր հողում գտնվող թշնամու հենակետերը: Օրինական տիրոջը հայ ժողովրդին, վերադարձվեցին բռնազավթված բազմաթիվ բնակավայրեր ու շրջաններ: Շրջադարձային էր հատկապես Շուշիի եւ Լաչինի շրջանների ազատագրումը, որի շնորհիվ ոչ միայն վերացավ Արցախը Հայաստանից բաժանող արհեստական միջանցքը, այլեւ Արցախը դարձավ իսկապես անկախ պետություն:
Անցած տարիների ընթացքում ԼՂՀ-ն դարձել է փաստացի անկախ պետություն, պետականությանը հատուկ բոլոր բաղադրիչներով: Արցախի հայկական պետության պաշտպանությունը բովանդակ հայության սրբազան գործն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել