Այսօր Թուրքիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի ԿԸՀ-ն արդեն հրապարակել է 99 % քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները: Այս անգամ ևս Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AK Parti) չկարողացավ ստանալ ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը: Ըստ նախնական տվյալների՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AK Parti) ստացել է ընտրողների ձայների 49,4%-ը (316 մանդատ), Քեմալ Քլչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը» (CHP) ստացել է 25,4% (134 մանդատ), ծայրահեղական Դևլեթ Բախչելիի ահաբեկչական անցյալ ունեցող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP)՝ 11,9% (41 մանդատ), իսկ քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը» (HDP)՝ 10,7% (59 մանդատ): Այսպիսով, Ռ.Էրդողանին կրկին չի հաջողվում ստանալ ձայների պարզ մեծամասնությունը: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար Ռ.Էրդողանի կուսակցությունը պետք է ունենար 330 պատգամավոր 550-ից: Սակայն Էրդողանին կհաջողվի միանձնյա ձևավորել գործադիր իշխանությունը:

Հիշեցնեմ, որ հուլիսի 5-ին տեղի ունեցած ընտրություններում Ռ.Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել էր ընտրողների ձայների ընդամենը 40,87%-ը: Նրան չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն մեջլիս անցած այլ երեք քաղաքական ուժերից որևէ մեկի հետ: Նախապատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Էրդողանը սանձազերծեց պատերազմ երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում՝ փորձելով ձայներ խլել ազգայնականներից և չեզոքացնել քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը»: Կիսով չափ դա նրան հաջողվեց. եթե հուլիսին թուրք ֆաշիստները Դ.Բախչելիի ղեկավարությամբ ստացել էին ձայների 16,4%-ը, ապա հիմա նրանց ձայն է տվել ընտրողների ընդամենը 12%-ը: Իսկ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը», որը հուլիսին ստացել էր 13,1%, հիմա դժվարությամբ հաղթահարում է օրենսդիր մարմին անցնելու անցողիկ շեմը և արժանացել է ընրողների 10,5% ձայներին: Սակայն Էրդողանին չհաջողվեց քրդամետ ուժերին դուրս թողնել մեջլիսից: Գրեթե չի փոփոխվել քեմալիստների՝ «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» ձայների հարաբերակցությունը: Եթե հուլիսին նա ստացել էր ընտրողների ձայների 25%-ը, ապա հիմա՝ 25,4%` մի փոքր բարելավելով իր դիրքերը:

Հ.Գ. Այս ընտրություններն արտացոլեցին նաև Թուրքիայի ոչ միայն էթնիկ, այլև ՔԱՂԱՔԱԿԱՆ մասնատվածությունը: Օրինակ, եթե Կոնյայում AK Parti-ն ստանում է 74,3%, իսկ HDP-ն՝ 2,9%, ապա Դիարբեքիրում HDP-ին ձայն է տալիս ընտրողների 72%-ը, իսկ Էրդողանի AK Parti-ն՝ 21%: Հավելեմ, որ երկրի մեծությամբ երրորդ՝ Իզմիր քաղաքում հաղթել են քեմալիստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել