«Ջան առավոտ» ռադիոնախագծի եթերում հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը ողջունում է ռադիոլսողներին և ներկայացնում իր հյուրին. 

- Բարի առավոտ, սիրելի՛ ռադիոունկնդիրներ, «Ռադիո Ջանի» եթերում «Ջան առավոտ» ռադիոնախագիծն է, օրն ուրբաթ է, և չնայած վատ եղանակին՝ մեր տաղավարում պոզիտիվն ինչպես միշտ մեծ չափաբաժնով է: 

Երբ մեր այսօրվա հյուրն իր գործունեությունը ծավալում էր Հայաստանում, տարվա ընթացքում գոնե մի քանի տեսահոլովակով հանդես էր գալիս, իսկ երբ մեկնեց ԱՄՆ, սկսվեց համագործակցության մի նոր փուլ:  

 -  Գիտեմ, որ աշխարհի որ կետում էլ լինեք, տարվա ընթացքում գոնե մեկ անգամ ինչ-որ ձգողական ուժ բերում է Ձեզ այստեղ: Այս անգամ ո՞վ կամ ի՞նչն էր պատճառը։

- Նախ՝ շատ եմ կարոտել հարազատներիս, ընկերներիս, Երևանս, և պատճառներից մեկն էլ նոր ձայնասկավառակն է, որը կոչվում է «Հավատա»։ Այն իմ սիրելի երկրպագուները ձեռք են բերելու անվճար ներբեռնումների շնորհիվ: Նշեմ, որ ձայնասկավառակում կլինեն նաև հեղինակային երգեր:

 

- Կգա՞ մի ժամանակ, որ կվերադառնաք Հայաստան։  

- Իրականում ես Հայաստանից չեմ էլ հեռացել, կար մեկ պատճառ. ես գնացել էի իմ սիրո հետևից, և այսօր մեր մեծ սիրո արդյունքը որդիս է, ով արդեն տասը տարեկան է, և կապ չունի, թե որտեղ կբնակվեր սիրելիս՝ ԱՄՆ-ում, թե այլ երկրում, ես կգնայի նրա ետևից:

- Ինչպես ասում են՝ մարդն իր տան մեջ զբոսաշրջիկ չի կարող լինել:

- Այո, շնորհակալ եմ։

- Ի՞նչ տվեց ԱՄՆ-ն քեզ, չէ՞ որ շատերն են գնում ամերիկյան երազանքի հետևից։

- Ես իմ սիրո հետևից եմ գնացել և այդ ամենի հետ միասին սկսեցի աշխատել: Եղան նաև շատ համագործակցություններ, որոնց հիման վրա նկարահանվեցին տեսահոլովակներ:

- Իսկ ինչպե՞ս է ընդունում հայ երգիչներին օտար հանդիսատեսը։

- Լավ, ես կասեի շատ լավ, արտերկյա կատարողների հետ հեշտ է, երբեմն ավելի, քան մեզ մոտ։ Շատերը կարող են երգը լսել ու միանգամից հավանելու դեպքում անգամ ֆինանսական հարցերը դնել մի կողմ ու ասել՝ եկեք աշխատենք, սա լավ կատարում է։ Ամբիցիաներ շատ չկան, չենք խոսում իհարկե գերաստղերի մասին, ում հետ չեմ աշխատել ու ոչինչ չեմ կարող ասել, բայց այն արտիստների հետ, ում հետ աշխատել եմ, իրոք հաճելի է եղել:

 - Այն դպրոցը, որ Դուք և Ձեր սերնդի ներկայացուցիչներն եք անցել, միշտ տարբերվել են: Այսօր նույնպես մենք ունենք կատարողներ, ովքեր և՛ կրեատիվ են, և՛ տաղանդավոր, բայց ինչ կար այն ժամանակ, հիմա չկա։

- Նախ՝ մինչ կանցնեմ հարցին, ասեմ, որ այս տարի իմ լավ ընկերոջ՝ Վարդուհի Վարդանյանի մահվան 9-րդ տարելիցը լրացավ: Ես ուզում եմ՝ կրկին հիշենք մեր սիրելի երգչուհուն, հայ բեմը կորցրեց հրաշալի երգչուհու, իսկ մենք՝ լավ ընկերոջ: Հիմա չկա Վարդուհի Վարդանյան, և նրա պակասը միշտ զգացվում է: Այն ժամանակ մենք «սոված» չէինք:

- Իսկ հիմա «կո՞ւշտ եք»:

- Գիտես՝ մենք անընդհատ սովորում էինք, և մեզ համար եթերում հայտնվելը պարզապես ֆանտաստիկ էր ու մեծ պատիվ: Այժմ ամեն ինչ մի տեսակ շատ հասանելի է: Դրա համար էլ այժմ կան արտիստներ և թիթեռներ: Բացատրեմ՝ ինչու. կան մարդիկ, ովքեր գիտեն երգել, և կան մարդիկ, ովքեր արտիստ են:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել