Իրանի հետ մեր հարաբերություններում կարևորագույն և մեր կողմից ամբողջովին չիրացված կապիտալ պետք է դիտարկել որպես հասարակություն և պետություն իրանցիների կողմից հայերիս հանդեպ առկա անթաքույց համակրանքը, որը պայմանավորված է թե՛ Հայաստանի հետ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունների բառապես բարեկամական համատեքստով, թե՛ նաև իրանահայ համայնքի՝ այս երկրի կյանքում և ճակատագրում ունեցած ահռելի դրական դերակատարությամբ:

Ասեմ ավելին՝ Իրանին որպես, ինչու չէ, սեփական երկրի հավակնելու բոլոր բարոյական և պատմական իրավունքներն ունենք նաև հայերս, քանի որ, դիցուք, բելուջներից կամ թուրքմեններից ամենևին էլ ոչ պակաս չափով ենք արյուն թափել կամ մշակութային արժեքներ արարել այդ երկրի համար՝ սկսած Աքեմենյաններից, ընդհուպ մինչև Սեֆյաններ, իրանա-իրաքյան պատերազմ կամ Իսլամական Հանրապետության խաղաղ զարգացում:

Հետևաբար, մեծ և անթույլատրելի շռայլություն պետք է համարվի հայերիս կողմից, պատկերավոր ասած, մեր բաժին Իրանից հրաժարվելը, Իրան, որն, ըստ ամենայնի, ամենևին էլ դեմ չէ այնպիսի քաղաքակիրթ և բարեկամ ժողովրդի իր հանդեպ ունենալիք դրական իմաստով հավակնություններին, ինչպիսին հայերս ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել