Դաշնակցությունը պաշտպանելը, մանավանդ իր այսօրվա (նկատի ունեմ և՛ հենց այսօրվա, և՛ ընդհանրապես վերջին 2 տասնամյակի) դիրքով մտքիս ծայրով իսկ չի անցնում, բայց դաշնակներին լեզու տալու ավելի լավ տարբերակ դժվար է հորինել, քան Առաջին հանրապետության խնդիրների քննարկումը զուտ գիտական դաշտից ընթացիկ քաղաքական օրակարգ բերելը: Անհեթեթ ու մանկամիտ է պատկերացնել, որ 100 տարի է, ինչ գոյություն ունի միևնույն Դաշնակցությունը կամ ցանկացած այլ 100-ամյա կուսակցություն: Առնվազն 3 տարբեր Դաշնակցություններ կան՝ մինչև 1921 թ.-ը՝ հայկական հասարակության հիմնական քաղաքական ուժ ՀՅԴ-ն՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ (որոնք բոլորն էլ արտահայտիչն են այն ժամանակվա հայ հասարակությանն ընդհանրապես), ապա Սփյուռքում գործող Դաշնացությունը և վերջապես 1990-ականներից նորից Հայաստանում գործող Դաշնակցությունը: Ոչ թե սրանից մեկն ավելի լավն է, մյուսն ավելի վատ, այլ երեք տարբեր պատմական էպոխաներում գործող երեք տարբեր քաղաքական միավորներ են՝ տարբեր իրենց դերով, դիրքով և իրականում նույնիսկ գաղափարաբանությամբ: Առաջին երկու Դաշնակցությունների հարցն արդեն պատմաբանների, այլ ոչ թե հրապարակոսության կամ քաղաքական գործիչների խնդիրն է: Իսկ եթե ուզում ենք դաշնակներին «գլոբալ» մեղադրանք ներկայացնել, պետք է ոչ թե Առաջին հանրապետություննն իրենց երեսով տանք, այլ հարցնենք, թե ինչու է այսօր, օրինակ, Արծվիկ Մինասյանի ախպերը խեղաթյուրում և կեղծում Հայաստանի անկախացման պատմությունը նույն ոճով ու նույն մեթոդով, ինչ բոլշևիկները կեղծում էին Առաջին հանրապետության պատմությունը և նման այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել