Այս անգամ փորձում եմ քեզ լիովին թողնել ինքնահոսի...
Դու դավաճանում ես առանց մտածելու, որ կար ժամանակ, երբ մենք լիովին իրար էինք պատկանում... 

Այդ ժամանակը չնայած այնքան էլ հեռու չէ մեր ներկայից, բայց ես փորձում եմ նրան հեռվացնել... Մենք կարծես հենց իրար համար էինք ստեղծված, բայց ես ատեցի քեզ այդ րոպեից... 
Ատեցի՞... Չնայած ինչ ատելություն, երբ քեզ հիմարեցնում ու դնում են, ասենք, ... շատ հասարակ աթոռի տեղ... Իսկ գուցե տվյալ դեպքում աթոռն էլ քեզնից վե՞ր են դասում...
Ես, քո ամենամեծ թշնամին ինքս ինձ համարելով, փորձում եմ հեռվանալ քեզնից առանց ծպտուն իսկ հանելու....
Իսկ դու, ոչինչ չհասկանալով, անմեղի դիմակը դեմքիդ բացատրություն ես պահանջում...
Ի՜նչ բացատրություն, եթե հենց նույն դիմակի կրկնօրինակը դեմ են տալիս ու ասում, որ դու էլ սկսես խաղալ... 
Չհասկանալով ու չգիտակցելով, որ դու ՍՐԻԿԱ ՉԵՍ...

Իսկ միգուցե դու մեղավոր չե՞ս...
Մարդկությունն է մեղավոր, որ բոլորի անկեղծ թվացող ժպիտների տակ մի տեսակ սրիկայություն կա... կամ հենց մարդկություն կա... Ինձ թվում է՝ այս երկու բառերն էլ կարող են իրար հոմանիշ ծառայել...

Ես քո տված դիմակը, իհարկե, դեն եմ շպրտում, բայց մի ուրիշ դիմակ դնելով` քայլում եմ առաջ... Ասենք, հիմարի դիմակը... իբրև ոչինչ չհասկացա, չիմացա ու անտեղյակ եմ, համենայնդեպս նման դիմակն ավելի...... մարդկայի՞ն չէ. մարդկային բառը վաղուց արդեն ես դուրս եմ շպրտել դրական բառացանկից... 

Ես բառացանկը միշտ բաժանում էի մասերի ու գրի առնում դրական ու բացասական բառերը ... հետո սկսում միայն «դրականոտ» դառնալ...
Ինձ թվում է՝ վաղուց կործանվել են բառերս բառացանկս բաժանող գծիկների մեջ...

Հիմա ինձ մոտ եղած բոլոր դրական բառերը մի տեսակ բացասական հոմանիշ ունեն, ու ես ջնջում եմ նրանց բառացանկի դրական մասից... Հետո տեղափոխում բացասական կողմ...
Կարծես սյունակը դատարկվում է, ու բառացանկս դառնում է միկողմանի...
Այս ամենը քո դիմակի ու քեզ հոմանիշ բոլոր բացասական բառերի շնորհիվ...

Իմ դրական բոլոր բառերը դու կործանեցիր, ու կործանվեցիր՝ ինքդ...

Քո անունը, որ կրում էր բառացանկի դրական կողմը, այլևս քիչ է մնացել՝ վերանա...
Ես վերցրել եմ ռետինը հիմա ու փորձում եմ ջնջել... Միակ դրական բառը, որ մնացել է այդ սյունակում, ես փորձում եմ ջնջել...
Ավա՜ղ... Քո հարցում ես շատ վստահ էի գտնվել ու մատիտի փոխարեն գրիչով էի գրել անունդ... Այնինչ բառերը, որ փոփոխման ենթակա չէին, մատիտով էին...

Քո հարցում ես իրոք սխալվեցի... 

Ու հիմա դու կրկին, անմեղի դիմակը դեմքիդ, նայում ես անամոթաբար ինձ՝ դավաճանվածիս.... ու բացատրություն պահանջո՞ւմ..
Ասա, մի՞թե սխալվում եմ, երբ մարդկության հոմանիշը սրիկայություն եմ անվանում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել