Msheci_Maya&LorenzoՆա ասես ձնծաղիկ լինի, վաղորդյան գարնան ծաղիկ…Նրա ժպիտը անդիմադրելի է, թշի փոսիկներն ու պեպենոտ քիթիկը  միշտ շարժման մեջ են: Չկա մի տեսակի էմոցիա, որ նրա դեմքին չկարողանաս կարդալ, թե լավ և թե վատ…բոլորը նրանք, ովքեր շփվում էին նրա հետ միաբերան հաստատում էին, որ նա ասես գերմանուհի չլինի…
Մայան կամավորության էր եկել Ռումինիա, որովհետև էլ բան չուներ անելու կամ չգիտեր, թե ինչ է ուզում կյանքից:
Հայրենիքում թողնելով ընկերոջը, որոշել էր բախտը փորձել:
Մենք հայերս միշտ կարծում ենք, թե Եվրոպաներում ապրող մարդիկ կատարյալ կյանք են ունենում, բայց իրականությունը կարող է ապշեցնող լինել:
Մայան, երբեք չէր ասում, թե ինչպիսի կյանքով է ապրել Գերմանիայում, թերևս միայն գինովցած էր անկեղծանում, բայց այդ ժամանակ նա փորձում էր ուրախ լինել, այդ վիճակից հենց ուրախ լինելն էր նա կորզում…
-Չեմ կարող  և չեմ էլ ուզում պատմել, թե ինչպիսի կյանքով եմ ապրել Գերմանիայում: Ո՞վ կհասկանա, որ 16 տարեկանում հեռացել եմ տանից, ոչ թե, որ  ուզում էի մենակ ապրել, այլ որովհետև հայրս հարբեցող էր եղբայրս՝ թմրամոլ: Հերթական կռիվների ժամանակ, երբ նրանք դանակներով հարձակվեցին միմյանց  վրա ես հասկացա, որ էլ չեմ կարող ապրել հայրական տանը:
Մենակ ապրելը հեշտ բան չէ, այն էլ Եվրոպայում, երբ ծնողներդ քեզ տեսնում են միայն դեկտեմբերի 25-ին(Սուրբ Ծննդին ), երբ ամիսներով չեն զանգում ու չգիտեն, ո՞ւր ես, որտե՞ղ, ինչի՞ կարիք ունես…Սա փայլփլուն ազատության գինն է: Սա մարտահրավեր է, որ ոմանք հաղթահարում են ու դառնում հրաշալի մասնագետներ, մարդիկ, իսկ ոմանք աննպատակ ապրում մինչը ծերություն: Թեև այս երկրորդ խմբի մարդիկ մեծապես չեն տարբերվում Հայաստանում ապրող այն ջահելներից, ովքեր 30-ը բոլորած ծնողների «վզին» նստած բողոքում են, թե ՝ երկիրը երկիր չէ ու աշխատանք չկա:
Մայան պատմում էր, որ հաճախ չունենալով սննդի գումար, երեկոյան գաղտնի սողոսկել են սուպերմարկետների «աղբամանները» (հա ի դեպ Գերմանայի աղբամանները մի քիչ այլ տեսք ունեն մեր աղբամաններից ) և օրվա մնացած սնունդը փախցնել  գոյատևելու համար:
Իսկ ամենամեծ անակնկալն այն եղավ, երբ Մայան պատմեց, որ բեռնատարի վարորդ է աշխատել, այդ գործն է հասու եղել՝ դա էլ արել է: Նրա փոքրամարմին, փխրուն տեսքին նայելիս երբևէ մտքովդ չէր անցնի, թե նա կարող էր բառնատար վարել :
Մինչ նա մտածում էր, թե ինչ կտար իրեն բնակության վայր փոխելն  ու դպրոցներում աստղագիտություն դասավանդելը կյանքն ընդառաջ եկավ՝  իր սիրուն անակնկալներով:
Մեր տանը անքնությամբ տառապողներից էինք ես ու Մայան: Նա միակն էր, ում հետ ժամերով խոսում ու չէի ձանձրանում: Իմ մեկ գավաթ նանայով թեյն ու նրա մեկ գավաթ գարեջուրը հաճելի աշնանային հերթական զրույցի սկիզբն էին դնում:
Ինձ դուր էր գալիս մեր տարբեր լինելը, տարբեր մտածելն ու վերլուծելը:
-Սերը ժամանակ է սիրում: Այ տես, օրինակ՝ ես իմ ընկերոջը սիրեցի մեր միությունից մեկ տարի անց: Նա լավ ընկեր է, ինձ սիրում է, հոգատար է ու մի օր էլ հասկանում ես, որ նա է ու էլ  պետք չէ փնտրել,-կում է անում գարեջրից ու շարունակում,-Նախորդ ընկերս սրիկայի մեկն էր, բայց նրան շատ էի սիրում, այնքան շատ, որ թույլ էի տվել տարիներով ինձ ծեծի, ստորացնի,- ցույց է տալիս սպիները,- Տես սրանք դանակով է արել…շատ դժվարությամբ կարողացա հեռանալ նրանից՝ սիրում էի, բայց նրա հետ ապրելը ինքնակործանում էր: Հիմա հանգիստ եմ, սա սեր է հանգիստ ու խաղաղ:
-Գիտես Մայա, սերն ինձ համար ուրիշ մի երանգ ունի: Այն  պիտի կրակի պես բորբոքվի, ծովի պես ալեկոծվի…ոնց ասեմ, երբ նա կողքիդ լինի դու պիտի անհանգիստ լինես, ուզենաս նրան գրկել, համբուրել, կմճտել…ուզենաս նրա համար ամեն ինչ անել…դա մի անհանգիստ էմոցիոնալ վիճակ է,- ժեստորով, էմոցիաներով եմ խոսում, ասես նա չգիտի թե սերն ինչ է:
-Չէ ես համաձայն չեմ քեզ հետ: Փորձիր իմ պես առանց սիրելու, պարզապես հնարավորություն տուր մեկին քեզ սիրելու քո կողքին լինելու ու կտեսնես, թե ոնց ես ինքդ փոխվում…
-Է՜ Մայա չէ, դա նույնը չէ…եթե ի սկզբանե մեջդ փոթորիկ չկա հետո էլ դժվար լինի: Մենք այս թեմային կվերադառնանք ավելի ուշ, երբ այնքան սիրես, որ քայլելիս գետինը չզգաս:
Ժամեր տևող մեր բանավեճում ոչ ոք չի հաղթում: Յուրաքանչյուրը մնում է իր կարծիքին կամ եթե փաստարկներդ համոզիչ են նրանք ընդունում են:  Այստեղ բանավեճը երբեք կռվի չի վերածվում զուտ այն պատճառով, որ բոլորը հարգում են դիմացինի կարծիքը անգամ եթե համաձայն չեն: Բանավիճելիս այստեղ մարդիկ չեն ասում մեկ այլ բան ու մտածում լրիվ այլ: Եվրոպացիների շրջանում ( համենայն դեպս 100-ից ավել հասնող այլազգիներ են նրանք, ում հետ ընկերացել եմ) ես սիրեցի ուղղախոսությունը: Այստեղ «համայնքը» զորավոր չէ այնքան որ անհատների ճակատագրեր խորտակի…
Մայան սիրում էր Իտալիան ու ընկերոջ հետ պլանավորել էր մեղրամիսը Իտալիայում անցկացնել: Ասում էր, որ խենթանում է, այդ երկրի, լեզվի համար ու միշտ երազել է այնտեղ բնակվել…
Նրա պատմությունը ապացուցեց, որ մեր մտքերն ու երազանքները ուղղակիորեն կապված են վերևի հետ…Մայան Ռումինիայում հանդիպեց իր ասպետին՝ Լորենցոյին: Թեև Լորենցոն տիպիկ այն ասպետներից չէր, որոնց մասին երազում են աղջիկները, բայց նա այն տղամարդն էր, ով լիարժեք դարձրեց Մայային…
Ծակ կոշիկներով, անփույթ հագնված կապտականաչավուն աչքերով այս հմայիչ երիտասարդը անմիջապես նրա սրտում հայտնվեց…Սա մի իտալոգերմանական սեր էր, որի վկան դարձան բոլոր միջմշակութային  մեր երկու կամ երեքահրյուրանոց համայնքը:
Մայայի գերմանուհի ընկերուհիները խորհուրդ էին տալիս միաժամանակ պահել կապերը երկուսի ետ, միաժամանակ կենակցել նրանց հետ և հետո ընտրություն անել:Իմ մշակութային շոկերիցս մեկն էլ սա էր:
Եվ ահա Մայան մի օր թակեց սենյակիս դուռը, աչքերին արևային ակնոցներ էին՝ հասկացա, որ լացել է, առաջարկեց զբոսնել…
Մեր ավանատիպ քաղաքում ամենահետաքրքիր վայրերից մեկն էլ գնացքի կայանն էր…գնացքի գծերին նստած գերմանուհին ու հայուհին խոսում էին, լալիս ու փորձում նոր բանաձև գտնել՝ երջանիկ լինելու համար:
-Չեմ ուզում ընկերոջս ցավեցնել…նա իմ կողքին էր այն ժամանակ, երբ  ես ոչ ոք չունեի: Նա ինձ օգնեց ապրելու, նա ինձ սիրում է, ես չեմ կարող նրան ցավեցնել ու ասել, որ ուրիշին եմ սիրում…Ան դու ճիշտ էիր, սա է իսկական սերը, ես դեռ երբեք այսպես երջանիկ չեմ զգացել: Նրա կողքին ես պարզապես հանգիստ չեմ կարող կանգնել…նա իմ կեսն է…
-Թո՛ղ ընկերոջդ…
-Չե՛մ կարող, վախենում եմ…
-Ահա՛, սերդ, եկել դիմացդ կանգնել է, իսկ դու երկմտում ես…մի՛ փակիր դուռը նրա առջև …կխռովի էլ չի գա,-կատակում եմ:
-Բայց չեմ էլ կարող խաբել…ո՛չ ինքս ինձ, ո՛չ ընկերոջս, ո՛չ էլ իմ խենթ իտալացուն: Ես անազնիվ չեմ կարող լինել մեկի հետ ում եթե ոչ ինչպես տղամարդու, ապա գոնե որպես ընկերոջ սիրել եմ…
Մայայի և Լորենցոյի սիրո պատմությունը ծաղկեց ու աճեց մեր աչքի առջև: Երկու տարբեր աշխարհներից եկած մեկ այլ  երրորդ երկիր, ապրելով տարբեր քաղաքներում գտան միմյանց…
Շաբաթական մի քանի անգամ նրանք կտրում եին գրեթե 700 կիլոմետր միմյանց տեսնելու համար: Հաճախ գիշերելու տեղ էլ չէին ունենում և քնում էին հասարակական այգիներում, ամուր գրկված ու երջանիկ:
Կոմֆորտիզմի սիրահարներիը դժվար թե հասկանան այս զույգի ապրելաոճը, բայց սա այն իրական երջանկությունն էր, որի մասին միայն երազել էին…թաքուն…

Մայան ու Լորենցոն հիմա ապրում են Իտալիայում, տարբեր տեսակի աշխատանքներ են անում ապրելու համար, որոշել են որ 5 զավակ են ունենալու:
Մայան ու Լորենցոն Հայաստան անպայման գալու են ինձ ու  իրենց մյուս հայ ընկերներին տեսնելու:
Դե… հա…սերն այդպիսին է՝ գալիս է միանգամից ու երջանկացնում նրանց, ովքեր հավատում են այդ հեքիաթին, որն իրականում՝ ԻՐԱԿԱՆ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել