Ամանորի տոները բացի ուրախություն ու բարձր տրամադրություն պատճառելուց նաև հոգսառատ են: Հատկապես աշխատող կանայք տոնական օրերին այնքան են հոգնում, որ աշխատանքի վերադառնալու ուժ բացարձակ չի մնում: Առավոտից մինչև երեկո կամ խոհանոցում են, կամ էլ հյուր են ընդունում: Առհասարակ, տոնական օրերին կյանքի նորմալ ընթացքը, կարծես, խաթարվում է. մեծահասակները բողոքում են անկանոն ուտելուց ու խմելուց, իսկ փոքրերն անկանոն քնի հետևանքով ագրեսիվ ու նյարդային են դառնում: Այդ պատճառով շատ ընտանիքներ նախընտրում են տոնական օրերն անցկացնել քաղաքից դուրս և հանգստանալ: 

Շատ ենք լսել, որ Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցներում հանգստանալը ոչ բոլորի գրպանին է հարմար, բայց պարզեցինք, որ Ամանորի տոներն այդ քաղաքներում դիմավորելը հասու է միայն օլիգարխներին:
Այսպես, մենք զանգահարեցինք Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ հաուս» հյուրանոց, որտեղից ի պատասխան ասացին, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ը երկտեղանոց համարում հանգստանալն արժե 1 միլիոն 200 հազար դրամ:
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում 5 օրվա արժեքը սկսվում էր շուրջ 2 միլիոն դրամից: Իսկ մյուս ոչ այնքան հայտնի և բարձրակարգ հյուրանոցներում դարձյալ 5 օր կարելի է ապաստանել 6-ից 700 հազար դրամով:
Հատկանշական է, որ բոլոոր հյուրանցներից մեզ ասացին, որ ստանդարտ համարների թիվը խիստ սահմանափակ է, քանի որ դրանց մեծ մասն արդեն տեր ունի, և մեզ խորհուրդ տվեցին մինչև նոյեմբերի 1-ը կողմնորոշվել, հակառակ դեպքում ոչնչով օգնել չեն կարողանա: Իսկ ոչ ստանդարտ՝ լյուքս համարների գներն ավելի աստղաբաշխական են, սկսում են 3 միլիոնից:
Համաձայնեք, որ 1 կամ 2 միլիոն դրամով կարելի է հիանալի հանգստանալ նաև Իտալիայում կամ Ֆրանսիայում: Կամ, օրինակ, ընդամենը 1700 ԱՄՆ դոլարով երկու հոգով կարելի է լավ ժամանակ անցկանցել Եգիպտոսում՝ ծովի ափին: Մարդիկ հաճախ հենց այդպես էլ վարվում են:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել