Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շնորհավորում է բոլոր քաղաքացիներին` Մարդու իրավունքների օրվա առթիվ: 
Այդուհանդերձ, դեռևս մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանման տեսանկյունից:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն սկսած 2000թ. իրականացրել է մի շարք մոնիտորինգներ, հրատարակել զեկույցներ, մասնավորապես Սյունիքի մարզում, մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: 
Հակված ենք այն տեսակետին, որ Սյունիքում հասարակության վտանգավոր հանդարտությունն ու անտարբերությունը արդյունք է ոչ թե գոհունակության և բարեկեցիկ կյանքի, այլ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները չեն հավատում սեփական ուժերին և քաղաքացիական ակտիվությամբ ու գործողություններով իրավիճակը փոխելու հնարավորությանը:
Չնայած մի շարք ոլորտներում իրավիճակը մնացել է նույնը, սակայն հուսադրող է այն հանգամանքը, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա ռեսուրսների, սոցիալական ցանցերի ակտիվացումն ու հասանելիությունը փոխում են «խաղի կանոնները»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը առաջ է բերում նոր, ավելի անվախ սերունդ, որն ավելի անհանդուրժող է լինելու մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ և ունենալու է իր բողոքը բարձրաձայնելու ավելի մեծ հնարավորություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել