Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ: Այս հիվանդությունն այսօր էլ մնում է մահացությունների և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն աշխարհում: Անոթային հիվանդություններին բաժին է ընկնում մահացությունների գրեթե կեսը, ընդ որում, մեկ հինգերորդ մասի մոտ դա տեղի է ունենում աշխատունակ տարիքում: Յուրաքանչյուր հարյուր հազար մարդուց հարյուր յոթանասունհինգը բաժին է ընկնում գլխուղեղի կաթվածին: Գլխուղեղի կաթվածի ազգային ռեգիստորի տվյալների համաձայն՝ այս հիվանդությունը տարած մարդկանց 31%-ն օգնության կարիք ունի, 20%-ը չի կարողանում ինքնուրույն քայլել, և կենդանի մնացածների միայն 8%-ն է կարողանում վերադառնալ նախկին աշխատանքին: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենակարևոր նշանակությունը տրվում է կանխարգելիչ միջոցառումներին: Դրանցից շատերը նվիրված են հենց Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվան (World Stroke Day), որը սահմանվել էր «Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության» (World Stroke Organization, WSO) կողմից և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 29-ին: Մասնավորապես, Ռուսաստանում անց է կացվում «Կաթվածին ասա ո՛չ. ձեռք մեկնի՛ր առողջությանը» միջոցառումը: Այդ օրը բժիշկները և նրանց օգնող կամավորները բնակչության հետ կազմակերպում են աշխատանքներ, իրականացնում ռիսկի գործոնների արագ ախտորոշում: Շատ երկրներում և քաղաքներում հոկտեմբերի 29-ին գործում են բժշկական կենտրոններ, որտեղ ցանկացած մարդ կարող է խորհրդակցել բժիշկ-նյարդաբանի կամ թերապևտի հետ և ստանալ կաթվածից խուսափելու վերաբերյալ տեղեկություններ: Բացի այդ, Ռուսաստանում հիվանդների հարազատների խմբի և Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2006թ. ստեղծվել է Գլխուղեղի կաթվածով հիվանդների հարազատների օգնության միջտարածաշրջանային հիմնադրամ: Այս հասարակական կազմակերպությունը հիվանդների հարազատներին սովորեցնում է խնամքի հիմունքները, նրանց տրամադրում բուժական և վերականգնողական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, բնակչության լայն շերտերի համար անց է կացնում կրթական միջոցառումներ: Դրանցից շատերն անց են կացվում հոկտեմբերի վերջին՝ Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել