Pastifo.am-ը գրում է.

Նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման:
 
Դատավճռով՝ 2 անչափահաս երեխաների 40-ամյա մոր նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի՝ կինը 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, տանը լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից  ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին: 
 
Նույն օրը՝ ժամը 8-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը` բերանի և քթի մասով հենելով իր բազուկի, նախաբազուկով սեղմել է այն և փակելով շնչուղիները, շնչահեղձ անելու եղանակով, սպանել է երեխային:
 
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 
 
Մինչև դատաքննությունն սկսել՝ ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
 
Դատարանն ամբաստանյալի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ կինը  մեղքն ընդունել է, կատարած արարքի համար անկեղծորեն զղջացել է, նախկինում արատավորված չի եղել, համայնքի կողմից դրական է բնութագրվել, խնամքին են երկու անչափահաս՝ մանկահասակ  8 տարեկան և 15 տարեկան երեխաները:
 
Դատարանն ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել