Շատ հաճախ մեր պաշտոնյաներից լսում ենք, որ այս կամ այն միջազգային կառույցը մեր երկրի տնտեսության, զբոսաշրջության, բիզնես մթնոլորտի և այլ ոլորտների վերաբերյալ դրական կարծիք է հայտնել, և նույն այդ պաշտոնյաները, դրանք դրոշակ դարձրած, հնարավոր բոլոր վայրերում ի ցույց են դնում, թե տեսեք-տեսեք՝ ինչ են խոսում մեր մասին, իսկ դուք ասում եք, թե վատ ենք աշխատում: Բայց երբ միջազգային ատյաններում բարձրաձայնում են մեր երկրում առկա կոռուպցիայի, գործազրկության, բիզնեսում պաշտոնյաների ներկայացվածության մասին, չգիտես ինչու, նույն այդ պաշտոնյաները լուռ են, ինչպես ձուկը:
Ցանկացած երկրի զարգացման չափանիշը տալիս է տվյալ երկրի քաղաքացին: Ինչ պայմաններում է ապրում, աշխատում, արարում քաղաքացին, որքանով է պաշտպանված քաղաքացին, որքանով են իրացվում նրա իրավունքները, այնքանով էլ գնահատվում է տվյալ երկրի կառավարության և, մեծ հաշվով, իշխանության գնահատականը: Սակայն մեզանում շատ հաճախ որպես չափանիշ վերցվում են այս կամ այն միջազգային կառույցի կամ հեղինակավոր անձանց գնահատականները: Ասենք, Հայաստանը բարելավեց իր դիրքերը բիզնեսի գրանցման ոլորտում, բնապահպանության և այլ ոլորտներում: Ու, որպես կանոն, մեր իշխանավորներն ու համապատասխան ոլորտի պատասխանատուներն ամեն պատեհ-անպատեհ առիթի այդ մասին բարձրաձայնում են: Սակայն երբ այդ նույն կառույցները խոսում են խնդիրների մասին, մերոնք հայտնվում են խորը լռության գրկում:
Օրեր առաջ վերակառուցման Եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել է.
- Ցանկացած երկրում, եթե կառավարության անդամները մենաշնորհային դիքեր ունեն, դա լուրջ խնդիր է: Արդյո՞ք մենաշնորհները մրցակցության պակասի խնդիրներ են հարուցում Հայաստանում. իհարկե հարուցում են: Դա հիմնարար խնդիր է: Հնարավոր է՝ հենց դա է ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի շարունակական զարգացման ճանապարհին:
Հայաստանում ձևավորված գործարար մթնոլորտը վերջերս քննադատել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդվիգ Չեխանովսկին, ով մասնավորապես ասել է.
- Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը՝ բարելավելու երկրում գործարար մթնոլորտը: Բազմաթիվ բարեփոխումներ վաղուց հասունացել են: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում գործարարներից, որոնք պնդում են, որ հայաստանյան իշխանությունները դրսևորում են անբարյացկամ գործարար վարքագիծ:
Չգիտես ինչու, միջազգային կառույցների նման գնահատականներին մեր պատասխանատուները մշտապես անհաղորդ են: Չնայած, մյուս կողմից նման հայտարարություններից հետո լռությունը երևի թե սեփական անկարողությունը և ցայտնոտային վիճակը թաքցնելու լավագույն միջոցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել