Ես ընդհանրապես ժամանակի զգացում չունեմ։ Դեռ չեմ հանդիպել էնպիսի մեկին, որն էդ առումով իմ չափ խայտառակ վիճակում լինի։ Ամեն անգամ ապշում եմ, թե ինչ աստիճանի կարող է հասնել էդ անկարողությունը։ Ու ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ոնց կարող է մարդը էդքան անգամ նույն իրավիճակում հայտնվելով՝ ոչ մի դաս չառնի դրանից, ոչ մի գրամ չփոխվի դեպի լավը։ Քանի՞ անգամ կարելի է ենթադրել, որ տասը րոպեից պատրաստ կլինես տնից դուրս գալու, բայց լավագույն դեպքում մի ժամից նոր պատրաստ լինել, քանի՞ անգամ կարելի է ակնկալել, որ էն ստեղծագործական աշխատանքը, որով էդ պահին զբաղվում ես, կավարտես մաքսիմում կես ժամից, բայց 5-6 ժամում մի կերպ ավարտել, կամ՝ երբ օրեր շարունակ վրան աշխատելուց հետո համոզվում ես, որ, այ, էսօր հաստատ կավարտես, այնինչ պարզվում է՝ դեռ մի շաբաթ պիտի աշխատես, որ ավարտես։ Ու ամեն անգամ ես իսկապես հավատում եմ, չէ, ի՞նչ հավատալ, էնքան վստահ եմ լինում, որ հենց էդքան է տևելու, դե լավ, գուցե մի՜ քիչ ավել։ Բայց չէ, իմ պատկերացրածն ախր նույնիսկ շփման եզրեր չի ունենում իրականության հետ։

Ընդհանրապես չեմ տիրապետում ժամանակին։ Մեկ–մեկ ինձ թվում է՝ անօգնական թպրտում եմ ժամանակի մեջ։ Լիքը բաներ չեմ հասցնում, լիքը բաներ կուտակվում են, ծանրանում խղճիս վրա։

Վերջերս էլ ինքնապաշտպանական մեխանիզմը մեջս շատ ուժեղ է գործում։ Երբ գիտեմ, որ լիքը անելիքներ ունեմ, չեմ հասցնում, չգիտեմ՝ որն անել, որը թողնել, ու էդ բեռի տակ ճզմված եմ ինձ զգում, մեկ էլ ինչ–որ պահից սկսած՝ կարծես մոռանում եմ էդ բոլորի մասին ու թեթևանում, կարծես ինչ–որ մեկն էդ բեռը վերցրած լինի ուսերիցս։ Ու երբ որոշ ժամանակ ինչ–որ տարօրինակ հանգստությամբ անգործության մատնված լինելուց հետո ինձ այցելում է էն բնական միտքը, որ ինչ–որ բան էն չի, ես պիտի որ ինչ–որ գործեր ունենայի անելու, պարզվում է՝ ես դեռ պիտի փորձեմ հիշել, թե էդ ինչ գործեր էին, որ չեմ անում։ Հետո քիչ–քիչ սկսում եմ մտաբերել, որոշ բաներ անել։ Ու էդպես մինչև հաջորդ ինքնապաշտպանական «անջատումը»։ Երևի ենթագիտակցությունս գիտի, որ եթե չազատի ինձ էդ բեռից, ես կարող է խելագարվեմ էդքան գործեր ունենալու ու դրանք չանելու ծանր գիտակցումից։

Էս ուղղությամբ աշխատել է պետք։ Շատ լրջորեն ու հրատապ։

Վերջերս մտածում էի. ի՞նչ է ինձ պետք լիարժեք երջանիկ լինելու համար, ու հասկացա, որ ամենաշատը պետք է, որ ինքս ինձնից գոհ լինեմ։ Ոնց նայում եմ, տվյալ դեպքում ինձ հենց դա է պակասում։ Երբ քեզնից դժգոհ ես լինում, ուրիշ ոչ ոք ու ոչինչ չի կարող էդ բացը լրացնել։ Ուղղակի պիտի էնպես անես, որ գոհ լինես։ Պիտի արժանանաս քո էդ վերաբերմունքին։ Ումից կամ ինչից էլ որ դժգոհ եմ, համարում եմ, որ հիմնականում ինքս ինձնից դժգոհ լինելու հետևանք է։ Համոզված եմ։ Համարյա ամեն ինչ ինձնից է կախված։ Սա օդից չեմ ասում, սեփական փորձից գիտեմ. ի վերջո, միշտ չի, որ էսքան դժգոհ եմ լինում. եղել են շրջաններ, ի դեպ, բավական երկարատև, երբ ընդհանուր առմամբ ինքս ինձնից գոհ եմ եղել, ու սեփական անձի հետ էդ ներդաշնակության զգացողությունն իսկապես ամեն ինչ է։ Դրանից դուրս ամեն ինչ մանրուք է ու կառավարելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել