Ադրբեջանի ԱԱՆ համակարգում ճգնաժամը սկիզբ առավ հոկտեմբերի 17-ից, երբ երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։
Հիմա էլ հերթը հասավ ԱԱՆ այլ աշխատակիցներին: Հոկտեմբերի 22-ին ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակիցներ ձերբակալվեցին գլխավոր դատախազության և պետական պահպանության հատուկ ծառայության իրականացրած համատեղ գործողության արդյունքում։ Թվում էր, թե այսքանով կսահմանափակվեն այդքան աղմուկ հանած այդ ձերբակալություններն ու պաշտոնազրկումները: Բայց ո՛չ, թրիլլերը դեռ շարունակվում է: Հոկտեմբերի 23-ի առավոտը բարի չէր ԱԱՆ 9 բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Եվ հարկ է նշել, որ այդ 9-ը պաշտոնյաներից 4-ը գեներալ-մայորներ էին:
Որպես այս աննկարագրելի խառնաշփոթի գլխավոր պատճառ՝ այսօր հիմնականում շրջանառվում է այն տեսակետը, որ Ազգային անվտանգության նախարարության մոնիթորինգային կենտրոնը` Ադրբեջանի ԱԱ նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ, գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և, այդ կերպ տեղեկատվություն հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել