««Սիրո գործակիցը» շատ ավելի ծիծաղելի է, քան «Սուպեր մաման»»,- այսպիսի գրավիչ գովազդային արտահայտությամբ Հայկ Մարությանը բնորոշեց «Սիրո գործակից» ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր։ Ռեժիսորներ Արման Մարությանի ու Վահագն Խաչատրյանի նոր ֆիլմը դիտելու էին եկել շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը, BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։ Ֆիլմում խաղացել են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Աննա Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը և այլ դերասաններ։

Գարիկը՝ կարմրահեր և պեպենոտ, Արմինեն՝ տգեղ և թերհաս, Արմուշն ու Ռաֆոն՝ համասեռամոլ. դերասանների կերպարանափոխությունները հանդիսատեսն արդեն տեսել է, իսկ սցենարային լուծումներին իր գնահատականը կարող է տալ արդեն այսօրվանից։ Ֆիլմի ռեժիսոր Վահագն  Խաչատրյանն ասաց, որ իրենց մեսիջն այն է, որ կյանքում պետք չէ կորցնել մարդկային տեսակը. «Յուրաքանչյուր դժվարին իրավիճակից կարելի է դուրս գալ ավելի ազնիվ ճանապարհով, ինչը ցույց ենք տալիս հերոսի օրինակով»։

Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը նշեց, որ ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ «Այս անգամ աշխատանքները շատ ավելի բարդ են եղել, քան «Սուպեր մամայի» դեպքում, քանի որ փորձել ենք սանդղակը 1 աստիճանով բարձրացնել,- ասաց նա ու հավելեց, որ այս ֆիլմն ունի սպորտային ուղղվածություն։ -Ֆիլմի ընթացքում ամբողջ անձնակազմը վարակվել էր թենիս խաղալով։ Հուսով եմ՝  հանդիսատեսին էլ կվարակենք սպորտով զբաղվելու ցանկությամբ»։

Գլխավոր հերոսուհուն մարմնավորած Էթերի Ոսկանյանը մոտ 2 ամիս թենիսի պարապմունքների է գնացել՝ այս կերպարը կերտելու համար։ «Ինձ համար բացահայտեցի մեծ թենիսը և շատ սիրեցի այդ սպորտաձևը։ Ամենամեծ բարդությունները կապված էին հենց թենիսի պարապմունքների հետ, սակայն նկարահանումներից հետո էլ էինք ուզում խաղալ,-ասաց նա ու հավելեց,- ինձ համար շատ մեծ փորձություն էր այս կերպարը, քանի որ առաջին անգամ էի ներկայանում կատակերգությունում։ Մինչ այս ներկայացել եմ ավելի դրամատիկ կերպարներով, քանի որ չեն եղել այլ առաջարկներ»։

Դերասանուհի Արմինե Պողոսյանը նշեց, որ  իր համար շատ բարդ էր խաղալ մի աղջկա դեր, որն իր հակապատկերն է։ Տգեղ, մի քիչ թերհաս, հարուստ աղջկա կերպարում ներկայանալը նրա համար էլ էր փորձություն, սակայն հաղթահարել է ամեն բան։ «Դժվարություններ կային և՛ կերպարի, և՛ ձայնի հետ, սակայն շատ լավ կերպար էր, և հանցագործություն կլիներ, եթե այն չներկայացվեր»,- ասաց նա։

Եթե Արմինեն նկարահանումներից հետո կարող էր մաքրել գրիմը, Գարիկը նկարահանումների 2 ամիսների ընթացքում եղել է կարմիր մազերով ու պեպեններով. «Արդեն հարմարվել էի այդ կերպարին։ Ինձ համար դեպրեսիան սկսվեց, երբ վերադարձա իրական կերպարիս։) Շատ դժվար էր թաքցնել մազերս, քանի որ ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:)»,- ասաց նա։ Հայկոն էլ հավելեց, որ  վերջին նկարահանումն ավարտել են առավոտյան 5-ին և հենց այդ ժամին ներկել են Գարիկի մազերը, որպեսզի արթնանա ու տեսնի, որ կարմրահեր ու պեպենոտ Գարիկը երազ էր։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել