Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են: Մի կողմից բարեփոխումների դեմ ստեղծված ՈՉ-ի շարժումը փորձում է որոշակի մեխանիզմներ՝ կիրառելով տապալել գործընթացը, մյուս կողմից էլ Սահմանադրության փոփոխության կողմնակիցները կարծում են, որ բարեփոխումները տանելու են երկիրը ժողովրդավարացման:

Այս թեմայով վերջերս հաճախակի են հնչում կարծիքներ ամենատարբեր քաղաքական հարթակներից: Այսօր էլ տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագրի ներկայացումը:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշել է. «Հիմա նույնպես օգտագործելու են լծակները, որպեսզի կեղծեն հանրաքվեն: Երբ չեն արել, որ հիմա էլ չանեն: Սա ձեռառնոցի է, որ կառավարությունն, իր գործը թողած, զբաղվում է քարոզարշավով: 5-ից հետո աշխատող շտաբի պետ ոչ ոքի պետք չէ, այսինքն` ակնհայտ է, որ նա թողնելու է իր գործը և զբաղվի հանրաքվեի արդյունքների ապահովմամբ»։

Զուրաբյանը կարծես իրադարձություններից առաջ է ընկնում: Պայքարի ճակատը դեռ սաղմնային փուլում և դեռ նոր է փորձում ձևավորվել, բայց ինքն արդեն ասում է այն տեքստը, որը սովորաբար ընդդիմադիր կառույցներն ասում են ընտրություններից հետո: Փաստացի, Զուրաբյանը, խոսելով ընտրությունների արդյունքները կեղծելուց, ընդունում է սեփական ճակատի պարտությունը: ՀԱԿ պատգամավորի լրացուցիչ պանիկան բացասական ազդեցություն է ունենալու թե՛ ընտրական էլեկտորատի և թե՛ բուն արդյունքների վրա:

Ինչ վերաբերում է Զուրաբյանի այն պնդմանը, որ կառավարությունն, իր գործը թողած, զբաղվում է քարոզարշավով, կարծում եմ՝ պատգամավորը կտրվել է իրականությունից: Հայաստանում առաջին անգամը չէ, որ ընտրություններ են անցկացվում, և բնականաբար առաջին անգամը չէ, որ շտաբ է ձևավորվում:

Լավ կլիներ, որ Զուրաբյանն ավելի շատ խոսեր, թե ինչ է պատրաստվում անել, երբ «քաջատեղյակ» է, որ կեղծվելու են ընտրությունները: Նման անպատասխանատու հայտարարությունները չեն կարող մոտիվացնող ու համախմբող առաքելություն կատարել բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքացիների համար:

Մեծ աշխատանք արած կլինի պատգամավորը, եթե մի փոքր զբաղվի իրենց քաղաքականապես մահացած կուսակցության վերակենդանացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել