Զգուշացե՛ք: Ազգիս թաղապետարանները նոր ձև են գտել համայնքային բյուջեն գումարներով լցնելու… Հատկապես, եթե Դուք նոր բնակիչ եք, ու Ձեր 50 քառակուսիանոց բույնը կառուցելը մարդկանց աչքն է հանում… Ասածս ի՞նչ ա... Կլյաուզնիկ անձանց դարաշրջանը Սովետական միության դարաշրջանի հետ չի ավարտվել, ու իրենք մեր շատ սիրելի Շենգավիթի թաղապետարանի հետ միասին (ափսոս, չի լինում իրենց թեգ անել) առաջինը շնորհավորեցին մեր նոր բնակարանը (լավ, հլը որ բանկի բնակարանը)։

Ուրեմն մեր պուճուր տունոյի պատշգամբի մի պատը կիսաքանդ վիճակում էր, ու Աստված չաներ, եթե քանդվեր, որոշեցինք տխուր դեպքերից խուսափելու համար մենք մեր ձեռքով քանդենք ու ավելի ամուր պատ շարենք: Դուրս թափված աղբը հավաքել էինք նույն պատի տակ, մի քանի օր հետո միանգամից տան մնացած աղբի հետ թափելու նպատակով, բայց որոշ անձանց կողմից որոշվել ա, որ մենք շատ լուրջ հանցանք ենք գործել, որի համար տուգանք պետք է վճարենք:

Փորձեցի վարչական իրավախախտումների մասին օրենքում գտնել կետեր, թե բնակչին քանի օր է թույլատրվում շինարարական աղբն իր պատի տակ թողնել, քանի որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ վերանորոգումը մի օրվա պատմություն չի, պարբերաբար աղբ է կուտակվում, ու մի քիչ խելքից հեռու է ժամը մեկ աղբատար մեքենա կանչելն ու աղբը թափելը, սակայն նման կետ չգտա, իհարկե սա արդեն հերթական օրենքի հերթական բացթողումներից մեկն է, որը, բնականաբար, հերթական անգամ օգտագործվում է բնակչի դեմ…

Հ.Գ. Մեզ ճանաչողները, վստահ եմ, որ գիտեն, թե երկրիս բարօրությանը վերաբերող հարցերում ինչքան բծախնդիր ենք, ու մեր պուճուր ընտանիքի առաջին նման ծանուցագիրն իրականում շատ ուրախացրեց, որովհետև դա նշանակեց, որ իրենց համայնքի գոնե մաքրության հարցով կան սրտացավ մարդիկ: Իհարկե որևէ կոնկրետ ապացույց չկա, թե տվյալ աղբն ում կողմից է թափվել. այդ հատվածում աղբի պակաս հաստատ չկա: Սակայն հարցը որոշ մարդկանց միջնորդությամբ լուծելու փոխարեն (հաստատ էդքան լծակ ունենք), դատական ավելորդ քաշքշուկների ժամանակ ու հավես չանելով, վստահ լինելով, որ այդ նվազագույն տուգանքը մեծ վնաս չի հասցնի մեր նորաստեղծ ընտանիքի գրպանին, մենք սիրով ստանձնեցինք այն վճարելու պատիվը:

Մեծ հաճույքով կրկնակին կվճարեինք, եթե վստահ լինեինք, որ այդ գումարը կուղղվեր համայնքի կյանքը փոքր-ինչ բարելավելուն: Բայց չենք կարող չխոստովանել, որ մեր հիասթափությունն ու վիրավորանքն ուրախությունից էլ ավելի մեծ է (դա էլ պատճառն է էսքան երկար գրելուս), քանի որ այդ նույն համայնքում ոչ սահմանված վայրերում թափված բազմաթիվ աղբ գտանք, այդ նույն շենքում, որտեղ արդեն մի քանի օրից մենք էլ կապրենք, մուտքերից որևէ մեկում ձևի համար չկա գոնե մի ապակեպատ պատուհան, մեր 5 հարկանի մուտքից յուրաքանչյուր հարկում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ծխախոտի դատարկ տուփերը, մի բոլ պլաստիկ շշեր, իսկ այդ նույն թաղամասում դեռևս կանգուն մնալու համար պայքարող ծառերից տարիներով չմշակվելու հետևանքով տերևների փոխարեն ավելի շատ որդերն են կախված ու սենց լիքը մանր-մունր բաներ…

Հ.Գ. 2 Երբ մեր երկրում մեր փոքրիկ անկյունն ունենալու քայլերն էինք ձեռնարկում, շատերն ասում էին. «Ա՛յ երեխեք, էդքան հնարավորություն ունեք, փոխանակ թողնեք, գնաք ստեղից, մի հատ էլ էդքան մեծ ծանրության տակ եք մտնում…»։

Ո՛Չ… մնալու ենք ու դեռ լիքը Եղիշիկներ ենք ունենալու էս երկրի համար ու իրենց հետ էլ պայքարելու ենք ամեն կերպ բնակչից փող կորզող օրենքի ու չինովնիկի դեմ, ոչ սահմանված վայրերում թափված յուրաքանչյուր աղբի համար, յուրաքանչյուր անխնամ ծառի համար, նախանձ հարևանների դեմ ու շարունակելու ենք կառուցել մեր հայրենիքը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել