ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կառավարության վաղվա նիստում հավանություն տալ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին:

Դրանով որոշ արտոնությունների տրամադրումը կհամապատասխանեցվի ազգային օրենսդրությանը: Նախագծով համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին կետը լրացվել է նոր` 1.6 ենթակետով, որի համաձայն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին են հավասարեցվում նաև Ուկրաինական ԽՍՀ-ի, Բելոռուսական ԽՍՀ-ի, Լիտվական ԽՍՀ-ի, Լատվիական ԽՍՀ-ի, Էստոնական ԽՍՀ-ի տարածքներում 1944թ. հունվարի 1-ից մինչև 1951թ. դեկտեմբերի 31- ն ընկած ժամանակահատվածում անօրինական կազմավորումների և խմբերի (բանդիտիզմ) վերացմանն ուղղված մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած անձինք:

Միաժամանակ նախագծով համաձայնագրի 1-ին հավելվածը լրացվել է նոր` 7-րդ կետով, որը հստակ սահմանում է պետությունների, քաղաքների, տարածքների և նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մասնակցությամբ ընթացած մարտական գործողությունների ժամանակահատվածների ցանկը: Այն ընդգրկում է 1918թ. փետրվարի 23-ից մինչև 1922թ. հոկտեմբեր տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից, 1920թ. մարտ-հոկտեմբերի խորհրդա-լեհական պատերազմից, Հայրենական մեծ պատերազմից մինչև 1960-ական թվականների Լաոսի, 1982թ. հունիսի Սիրիայի և Լիբանանի մարտական գործողությունները:

Արձանագրությունն ստորագրելու են հրավիրված ԱՊՀ երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի կառավարությունները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության՝ Արձանագրության կնքմանը համաձայնություն տալու կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, ուստի վաղվա նիստում առարկություն չլինելու դեպքում որոշումն ամենայն հավանականությամբ կընդունվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել