Ի՞նչ դա կտա «խաղի» մասնակիցներին։
Եվ այսպես. սահմանադրական փոփոխությունների հարցում երեկ վերջապես կողմնորոշվեց թերևս միակ քաղաքական կազմակերպությունը, որ մինչև այժմ հստակ դիրքորոշում չէր հայտնել՝ «Օրինաց երկիրը»: 
Ճիշտ է, Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժը հիմա ավելի ընդարձակ անվանում ունի՝ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորում, բայց դե բոլորն էլ հասկանում են, որ դա ընդամենը ՕԵԿ-ի, «բիզնես-բառամթերքով» ասած՝ ռեբրենդինգն է, այսինքն՝ ապրանքային նշանի, տեսքի և այլն թարմացում-վերափոխումը: 
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստում, որ տեղի է ունեցել նախօրեին, ըստ այդ կազմակերպության տարածած տեղեկատվության, քննարկվել է ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների հարցին: 
«Արձանագրելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: 
Պարզ ասած, ՕԵԿ-ը և իր հետ կամ շուրջը միավորում ձևավորած կազմակերպությունները դեմ են սահմանադրության փոփոխությունների նախագծին կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «ոչ»-ի ճամբարում են: 
Այն, որ կոնկրետ ՕԵԿ-ում տարամետ մոտեցումներ կան, նկատելի էր ու արձանագրվեց նաև խորհրդարանում տվյալ նախագծի քվեարկության ժամանակ: 
Թե ի՞նչ մտմտումների կամ, միգուցե՝ ներքին քննարկումների մեջ էր «Օրինաց երկիրը», դժվար է ասել: Բայց այս կուսակցությունը միակն էր, գոնե խորհրդարանական ու նաև քիչ թե շատ նկատելի արտախորհրդարանական ուժերի շարքում, որ սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հստակ դիրքորոշում չուներ կամ չէր արտահայտում: Երեկ, ահա, այդ բացը լրացվեց:
Ավելին, երեկ տարածված տեղեկատվության մեջ նաև նշված է. «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որն ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բևեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աշխատանքները: 
Միևնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպությունների, շարժումների և միավորումների հետ»:
Հարկավ, «140 կազմակերպություն» բառակապակցությունն ուժեղ է հնչում: Խիստ տպավորիչ: Եթե Հայաստանի իրողություններին անծանոթ մեկը լսի, կմտածի, թե մի հսկայական միավորման մասին է խոսքը: Բայց բոլորին էլ հասկանալի է, որ խոսքը Հայաստանում շատ տարածված մի երևույթի մասին է, որ ընդունված է բնորոշել որպես մարդ-կազմակերպություն: Ցուցակով շարադրած, այո, կարող է անգամ մի քանի էջ թուղթ պահանջել, բայց եթե փորձես մեկտեղել այդ բոլոր հարյուր ու քառասուն կազմակերպությունների անդամներին, այսինքն՝ ամբողջ մարդկային ռեսուրսը, բավական համեստ, անգամ անհարմար բան կարող է ստացվել: 
Թեպետ կարելի է չկասկածել, որ բազում կազմակերպությունների մասին հիշատակումները հասարակությունը, մեծ հաշվով, բուն իրողությանը համարժեք է ընկալում:
Հետաքրքիր է այլ «ոչ»-ականների հետ համագործակցության պահը: Անկախ հիշյալ միավորման անվանումից, բոլորին է պարզ, որ հենքը ՕԵԿ-ն է՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Իսկ հետաքրքիրն այստեղ այն է, որ մյուս «ոչ»-ականները, մասնավորապես ՀԱԿ-ի ներկայացուցիչները, ոչ երկիմաստ հայտարարել են Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հետ համագործակցության անհնարինության մասին: Այնպես որ «Հայկական վերածնունդը» ամենայն հավանականությամբ միայնակ կգործի: Դա, թերևս, նրանց համար դժվար չի լինի՝ նկատի առնելով 140 կազմակերպության պարագան: 
Ամեն դեպքում, ստացվում է, որ ՕԵԿ-ը կլինի «ոչ»-ի ճամբարում, բայց առանց ճակատի, այսինքն՝ մինչ այժմ կարծես ձևավորվող ճակատների մեջ չի ընդգրկվի: Թեպետ, Հայաստանի քաղաքական կյանքում այնքա՜ն մետամորֆոզներ են եղել, որ ամեն ինչ էլ չի կարելի բացառել: 
Մյուս կողմից, ի՞նչ կարող է տալ ՕԵԿ-ի այս դիրքորոշումը «խաղի» մասնակիցներին: «Հայկական վերածնունդը»՝ վերածնունդ, բայց չմոռանանք, որ խոսքն այնուամենայնիվ խորհրդարանական ուժի մասին է: Իսկ մեր քաղաքական կյանքում դա նշանակում է, որ տվյալ կուսակցությունը բոլոր կարգի ընտրական հանձնաժողովներում լիարժեք ներկայացված է: 
Այսպիսով, առնվազն երեք խորհրդարանական ուժ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, «ոչ»-ի դիրքերում են և ընտրական հանձնաժողովներում ներկայացված: Սա պետք է դիտել որպես խիստ դրական հանգամանք: Դրական՝ այն պարզ պատճառով, որ այսպիսով ընտրահանձնաժողովների կազմերը հնարավորինս հավասարակշռված են դառնում՝ սահմանադրության փոփոխությունների կողմնակիցների և հակառակորդների ներկայացվածության առումով: 
Իսկ դա նշանակում է, որ բուն ընտրական կամ հանրաքվեային գործընթացի արդյունքները պետք է որ կասկածի տեղիք չտան: Փոփոխությունների նախագծի հակառակորդները, փաստորեն, լիարժեք հնարավորություն ունեն վերահսկելու ընտրական գործընթացը: Այսինքն՝ իրենք ոչ պակաս պատասխանատվություն են կրում այդ ամենի համար: 
Մնում է հուսալ, որ եթե հանրաքվեի արդյունքն իրենց ցանկացածը չլինի, նրանք քաջություն կունենան դա ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել