Զինված ուժերի տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:
ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում:
ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը: Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները (նշանակետերը) պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:
Մեծ ուշադրություն է դարձվում հրետանու կրակի սպասարկման նպատակով ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=872881119498122&set=a.116846765101565.18159.100003287268549&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել