Շուտով սահմանադրական փոփոխությունների հարաքվե է լինելու: Էդ «շուտով»-ը, կարծեմ, դեկտեմբեր ամիսն է: Սահմանադրությունը դասական ժողովրդավարական կամ դրան ձգտող պետության կառավարման հիմնաքարային փաստաթուղթն է: Հենց այնտեղ է արձանագրվում պետության կառավարման համակարգը, ձևը, «պետություն-քաղաքացի» շփման ֆորմատը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ողջ սպեկտրը:

Օրեր առաջ ՀՀ ԱԺ-ն հաստատեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների այն տարբերակը, որը դրվելու է քվեարկության: Եթե սթափ նայենք սահմանադրական փոփոխությունների ընթացիկ քաղաքական գործընթացներին, ապա այն ՀՀ-ի քաղաքական հետագա ճակատագրի համար կարևորագույն նշանակություն է ունենալու: Սակայն, եթե հետազոտենք հանրային վերաբերմունքն այս առանցքային գործընթացի նկատմամբ, ապա առկա վիճակը կարելի է ձևակերպել որպես լիարժեք անտարբերություն:

Մի կողմից դա բնական է տնտեսական լրջագույն խնդիրներ ու սոցիալական պրոբլեմներ ունեցող հասարակության համար: Մյուս կողմից, Սահմանադրությունն առաջին հերթին անհրաժեշտ է այդ՝ «տնտեսական խնդիրներ ունեցող» քաղաքացուն իր հետագա կյանքի կազմակերպման գործում: Ավելին՝ այսօրվա անտարբերությունը սովորաբար ենթադրում է, որ նա անգամ ծանոթ էլ չէ, ու դժվար էլ ծանոթանա հանրաքվեի դրվող Սահմանադրության նախագծի բովանդակությանը:

Ձևավորված վիճակը՝ որպես քաղաքական աբսենտեիզմի վառ դրսորևում, լրջագույն խնդիր է և ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հազար պատճառները: Բայց այս պարագայում ամենից վտանգավորն այն է, որ Սահմանադրության տարբերակին անծանոթ քաղաքացին կամ, որ առավել հավանական է, նրանց բավական փոքր տոկոսը, գնալու է և մասնակցի հանրաքվեին առանց այդ հանրաքվեի բուն նյութի մասին պատկերացման: Քվե վաճառելով, հարևանի հորդորով, թե համոզելով, նա, այնուամենայնիվ, ինչ-որ ընտրություն կկատարի: Եվ այդ ընտրությունն իրականում իր հետ որևէ կապ չի ունենա: Դա կլինի ուրիշի ընտրությունն այդ քաղաքացու ճակատագրի հարցում: Սակայն եթե նման քաղաքացիները շատ լինեն, ապա դա լրջագույն խնդիր կլինի այն մարդկանց համար, ովքեր տեղյակ են գործընթացից և կարևորում են Սահմանադրությանը հանրաքվեին մասնակցելու գաղափարը՝ կողմ/դեմ քվեարկելու մոտեցմամբ:

Ընդհանուր առմամբ մեր նման երկրներում ու հասարակություններում ընտրական գործընթացներում քաղաքացին բավական «անպաշտպան» է՝ հատկապես սեփական ընտրությունից: Հաճախ ընտրում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ տարբերակին տեղյակ էլ չլինելով, թե ինչու է այդպես վարվում: Բարդ բան է դեմոկրատիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել