Exclusive

Պարային ռիթմեր, ռետրո տրամադրություն և Հայաստանի ամենահայտնի մարդիկ. այսպիսին է լինելու Արամ MP3-ի նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա այսօր՝ ժամը 19։00-ին։ Արամը տեսահոլովակի մասին բացառիկ անդրադարձն ու լուսանկարները վստահել է BlogNews-ին:)

Տեսահոլովակում նկարահանվել են Վաչեն, Արմուշը, Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Լուիզա Ներսիսյանը, Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, DJ Սերժոն, Ռաֆայել Երանոսյանը, Սոնա Շահգելդյանը, Նուռը, Սերգեյ Դանիելյանը, Հրանտ Երիցկինյանը, DJ Դեյլը,  DJ Ժակը, DJ Smoke-ը, Արմեն Գալյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Դանիելյանը, Արման Սարգսյանը, Էրիկ Կարապետյանը, Արտյոմ Մարկոսյանը, «Ջեզլ» խումբը։

«You my sunshine» կոչվող երգի երաժշտությունը գրել է «The Sunside band»-ը, խոսքերը՝ Լիլի Վարդանյանը, տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, մոնտաժն արել է Արամայիս Հայրապետյանը, իսկ ահա ռեժիսորը եղել են բոլորը:) Արամը նկատեց, որ տեսահոլովակում նկարահանված յուրաքանչյուր ոք պրոֆեսիոնալ է և ինքն է որոշել՝ ինչ անել։

«Տեսահոլովակը երգին շատ համահունչ է. թեթև, ուրախ, պոզիտիվ տրամադրություն է հաղորդում։ Երգն էլ է շատ ուրախ, իր մեջ ունի դիսկո էլեմենտներ, և միտք առաջացավ ստեղծել նման տեսահոլովակ. ներգրավել մարդկանց, ովքեր դրական էմոցիաներ են առաջացնում լսարանի մոտ։ Տեսահոլովակում խաղացած ամեն արտիստ յուրովի է ներկայանում՝ իր ոճով, իր ձևով։ Բոլորին շատ շնորհակալ եմ. իրենց միջոցով տեսահոլովակը թևեր է առել»,- ասաց նա ու հավելեց, որ այլ հայտնիներ էլ կարող էին նկարահանվել տեսահոլովակում, սակայն հարգելի պատճառներով չի ստացվել։ Գարիկը ևս չի խաղացել տեսահոլովակում։ Արամը նշեց, որ դա ամենացավոտ կետն է, սակայն զբաղվածության պատճառով ոչ մի կերպ չի ստացվել, որ նա գա։ Երգչից տեղեկացանք, որ գործընկերների հետ համագործակցելը եղել է ընկերական հիմունքներով։

Անդրադառնալով հարցին, որ այս տարբերակը կոմերցիոն տեսանկյունից էլ էր շահավետ` երգիչն արձագանքեց, որ նման բան կա, սակայն ինքը դրա վրա շեշտ չի դրել. «Ինձ թվում է՝ երգին համապատասխանում են այս արտիստները։ Երգն ինքն էր ստիպում, որ նման բան նկարահանեինք»։

Արամի փոխանցմամբ՝ տաղավարում փորձել են ստանալ ռետրո վիճակը, որը ժամանակին ֆիլմերում շատ էր օգտագործվում. «Մեքենան կանգնած է, կադրը հետևում շարժվում է։ Միտումնավոր որակը գցել ենք, որպեսզի հիշեցնի հին ժամանակները։ Երգի տեմպն ու ռիթմիկան շատ է համապատասխանում այդ վիդեոկադրերին։ Երգն էլ է պարունակում ռետրո էլեմենտներ, սակայն իր մեջ նոր շունչ էլ ունի. 21-րդ դարի երգ է»։

Ժամանակին Արամին ներկայացնում էին որպես դերասան-երգիչ, հիմա արդեն նա երգիչ-դերասան է։ Արամը նշեց, որ երաժշտությունն իր համար միշտ էլ առաջնային է եղել. «Նույնիսկ երբ դերասանությամբ էի զբաղվում, փորձում էի երաժշտական հումորներ անել»։

Երգիչն արդեն մտածում է մենահամերգ ունենալու մասին։ «Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի գարնանը մենահամերգ ունենամ»,- ասաց նա ու հավելեց, որ այլ նորություններ էլ կունենա, որի մասին կարող է խոսել ավելի ուշ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել