«Էնա գիտենք, որ ուզում են անցկացնեն»։
Գրաքննությունը պինդ ու պինդ նստած է վանաձորյան հեռուստաալիքների շնչին. եթե տեղական հեռուստատեսությամբ իշխանությունների հասցեին քննադատական հաղորդում բռնացրիք՝ բռնացրիք. դրանից հետո զուր չփորձեք համացանցում այն փնտրել, միևնույն է՝ չեք գտնի (ինչպես նախկինում, երբ դրանք տեղադրվում էին համացանցում): Իսկ երեկ քաղաքացիներից մեկը տեղական հեռուստատեսությամբ Վանաձորի քաղաքապետին մեղադրեց հանրակացարանի բնակիչների համար կառավարության կողմից հատկացված գումարները «փոշիացնելու» մեջ: Քաղաքացու քննադատությունը թերևս այնքան թունդ բառապաշարով էր, որ այդ ընթացքում «ազդանշան» միացվեց: Մի քաղաքացի էլ մեղադրեց կառավարությանը՝ ժողովրդի մասին չմտածելու պայմաններում քաղաքացուց զինվոր պահանջելու մեջ ու հայտարարեց, որ եթե իր բնակարանային պայմանները հանրակացարանում՝ կոյուղագծերի խախալտակված պայմաններում ու գարշահոտության մեջ, չբարելավվեն, ինքն իր տղաներին բանակ չի ուղարկի ու կփախցնի Ռուսաստան: Իսկ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող մի ռեպորտաժից պարզ դարձավ, որ «բարեփոխումներ» ասվածը քաղաքացիների «ոչ տանձին են, ոչ գանձին»: Հաղորդման հեղինակի հարցին, թե տեղյա՞կ եք բարեփոխումներից, քաղաքացին արհամարհանքով ասաց. «Իսկի իրենք չեն տեղյակ, ո՞ւր մնաց ես տեղյակ լինեմ, էնա գիտենք, որ ուզում են անցկացնեն»: