ՀԵՑ-ը ձեռք բերելուց հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Կարևորագույն դրույթները, որոնք առկա են նրա հայտարարությունում, կայանում են նրանում, որ Կարապետյանը խոսք է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստը, պայքարել կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների դեմ և այս կերպ, նվազեցնելով ՀԷՑ-ի ծախսերը, հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի թանկացումներ չլինեն։

Ճիշտ է, առայժմ սա դեկլարատիվ հայտարարություն է, ու դեռ հարց է, թե որքանո՞վ իրականությունը կհամապատասխանի հնչեցված նպատակներին, սակայն կոնկրետ Կարապետյանի պարագայում կարելի է որոշակի օպտիմիզմ թույլ տալ։ Նախ՝ տարօրինակ կլինի այսքան տարիների ընթացքում ձեռք բերած ժողովրդական դրական ընկալումը ջուրը լցնել և վերածվել հարստահարող օլիգարխի կերպարի հանուն ինչ-որ ՀԷՑ-ի, որի եկամուտներն այսպես թե այնպես կաթիլ են «Տաշիր գրուպի» օվկիանոսում։

Մյուս կողմից, Սամվել Կարապետյան գործարարի կրեդոյի խնդիր կա։ Այստեղ արդեն սեփական անվան ու պատվախնդրության հարցն է կանգնում։ Չեք լսի մի ընկերության մասին, որը, լինելով Կարապետյանի բիզնես-կայսրության անդամ, լինի անարդյունավետ, որովհետև դրա աշխատակազմն է իր չափի զգացումը կորցրել, և ուշքները միայն թալանն է։ Այսպես թե այնպես, ՀԷՑ-ը մի լավ թափ են տալու, շատ թալանչիներ ու պորտաբույծներ զրկվելու են իրենց արտոնյալ կարգավիճակից ու նույնիսկ աշխատավարձից։

Ակնհայտ է, որ եթե ՀԷՑ-ում վարվի ճիշտ ղեկավարություն ու ադեկվատ ներդրումային քաղաքականություն, ընկերությունը պարզապես չի կարող վնասով աշխատել, դա ուղղակի անհնար է։ Մնում է, որ Կարապետյանն իրոք գլուխ դնի ընկերության բարձիթողի վիճակի հետ ու կոտրի գործող կոռուպցիոն սխեմաները, որոնցից թելերը տանում են, այդ թվում նաև տարբեր հայաստանյան պաշտոնյաների մոտ։ Այ հենց սա էլ ամենառիսկային գործոնն է, որը մտավախություններ է առաջացնում, որովհետև միֆ է, թե չար Բիբինն իր կամքով ու քմահաճույքով անում այն ամենը, ինչը դժգոհություն էր առաջացնում։ Բիբինը գնաց, իսկ Հիդրայի մյուս գլուխները դեռ ողջ ու առողջ են, և ողջ հարցը նրանում է, թե որքանով է Կարապետյանը տրամադրված սպանել Հիդրային ու տրամադրվա՞ծ է արդյոք։ Գուցե նա գնա հեշտ ճանապարհով ու պարզապես կվարժեցնի՞ դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել