Exclusive
Դերասան Խորեն Լևոնյանն առաջիկայում կներկայանա «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում։ Խորենը նկարահանվել է նաև «Շարմ» ընկերության նոր ֆիլմում, բացի այդ, առաջիկայում նա կներկայանա եղբոր՝ Արսեն Լևոնյանի հետ։ Եղբայրները ֆիլմում էլ են մարմնավորելու եղբայրների։ Խորենը գյուղական ընտանիքի ավագ եղբայրն է, Արսենը՝ փոքր, ով փորձում է իր բախտը գտնել քաղաքում...
BlogNews-ը զրուցել է Խորենի հետ Արսենի առաջին համագործակցության, իրենց նմանության, ֆիլմերի և այլնի մասին։
-Կարծես, Ձեր և Արսենի առաջին համագործակցությունն է։ Ինչպե՞ս ստացվեցին Արսենի հետ աշխատանքային հարաբերությունները, ի վերջո, աշխատանքում մթնոլորտն այլ է, տանը՝ այլ։
-Նախկինում փորձեր եղել են միասին ներկայանալու, սակայն կարելի է ասել, որ սա առաջին անգամ ենք միասին ներկայանալու գեղարվեստական ֆիլմում։ Երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք և հասկանում ենք՝ ինչ է պետք։
-Արսենին մասնագիտական խորհուրդներ տալի՞ս եք, ընդունո՞ւմ է դրանք։
-Խորհուրդներ տալ չի սիրում, սակայն որպես ավագ եղբայր՝ փորձում եմ իմ փորձով ու ապրելակերպով օրինակ լինել նրա համար թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։ Արսենը տեսակով լսող է, երբ իրեն ճիշտ և կարևոր բան ես ասում։ Ես իրեն խորհուրդ եմ տվել անկեղծ լինել, և նա ընդունել է դա։
-Շատերն Արսենի մեջ տեսնում են Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհը։ Դուք տեսնո՞ւմ եք այդ նմանությունը։
-Ոչ։ Եթե ինչ-որ նմանություն էլ կա, դա բնություն է, էություն։ Դրա դեմ պայքարելը ծիծաղելի էլ կլինի։
-Խորեն, Հայաստանում սկսել են շատ ֆիլմեր նկարահանել, սակայն դրանք հիմնականում անորակ են։ Դուք սովորաբար շատ մանրակրկիտ եք ընտրում, թե որ ֆիլմում ներկայանաք, որում՝ ոչ։ Հայկական կինոշուկան թույլ տալի՞ս է այդպիսի ընտրություն անել, թե՞ ամեն դեպքում փոխզիջումների եք գնում։
-Իհարկե, կա այդպիսի բան։ Երբեմն ընտրում եմ ոսկե միջին տարբերակը, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ խիստ չափանիշնրով ընտրեմ, ի վերջո, ֆիլմեր չեն մնա։ Եղածի միջից ընտրում եմ այն, որտեղ տեսնում եմ, որ կարելի է ինչ-որ բան անել, աշխատել։
- Իսկ որո՞նք են կարևորագույն չափանիշները Ձեզ համար։
- Ֆիլմերում պակասել է ասելիքը, մինչդեռ կան կարևոր ասելիքներ, որոնք պետք է ներկայացնել հանդիսատեսին։ Ես շատ կուզեմ, որ լինեն ֆիլմեր, որոնց նյութը կհասնի հանդիսատեսի հոգուն և կկարողանա ինչ-որ բան փոխել, որպեսզի կարողանաս քո օրինակով մարդկանց փոխել։ Կարևոր է նաև որակը։ Ցավոք սրտի, շատ քիչ կան էդպիսի գործեր։
-Դուք հայտնի եք որպես հայկական կինոշուկայի ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Հայաստանում թանկ վարձատրություն համարվող հոնորարները բավարարո՞ւմ են Ձեզ, թե՞ Դուք էլ եք երբեմն դիմում կողմնակի աշխատանքի։
-Կողմնակի աշխատանք, իհարկե, պետք է։ Իմ միակ կողմնակի աշխատանքը «Երգ երգոց»-ն է։ Փորձում ենք ստեղծագործել և ապրել:) Ինչ վերաբերում է թանկ վարձատրվելուն՝ ասեմ, որ Հայաստանի համեմատ գուցե համաձայն եմ Ձեր ասածի հետ, սակայն այդ լուրն այնքան է տարածվել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են զանգել, ինչ-որ բան առաջարկել, արդեն չեն զանգում՝ մտածելով, որ թանկ կլինի։
Եթե չեն կարողանում թանկ վճարել, ուրեմն թանկ արտադրանք չեն ունենա։ Ամեն ինչի համար պետք է վճարել, սակայն գուցե ինձ առաջարկեն որակյալ ֆիլմ, որը բյուջե չունի, և ես համաձայնեմ անվճար նկարահանվել։ Պարզապես պետք է, որ շատ լավ գործ է, և մարդիկ պատասխանատվությամբ ուզում են անել դա։ Ինձ մոտ լինում են նման դեպքեր, երբ, տեսնելով, որ լավ գործ է, գնում եմ փոխզիջման և ասում, որ առանց հոնարարի կնկարահանվեմ։
-Ո՞ր ֆիլմն է այդքան լավը եղել, որ անվճար եք նկարահանվել։
-Դա պրոֆեսոնալ գաղտնիք է։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի