1997թ. սկսած Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքով հոգևոր ծառայություն են իրականացնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Դրա իրավական հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Ներկայումս ծառայում է 51 հոգևորական. նրանք ծառայության դիմաց որևէ վարձատրություն չեն ստացել` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է ՀՀ զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կենսապահովման ծախսերի չափերը և բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրման կարգը:

ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության առաջնորդի կենսապահովման ամսական ծախսը սահմանվել է 300 հազար, փոխառաջնորդինը` 225 հազար դրամ: Զորամիավորման հոգևոր ծառայության առաջնորդի կենսապահովման ծախսը կլինի 200 հազար դրամ: Սահմանվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի զորամասերի հոգևոր ծառայության սպասավորների կենսապահովման ամսական ծախսերը` հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը: Այդ ծախսը տատանվում է 150-200 հազար դրամի սահմաններում: Բացի այդ, զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների բնակելի տարածության վարձակալության համար տրվելու է դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27- ի որոշմամբ սահմանված պայմաններով, կարգով և չափերով:

Որոշման ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և Ամենայն հայոց կաթողիկոսի համաձայնությամբ հաստատել ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության իրականացման կարգը: Որոշման ընդունումը 2015թ. և հետագա երեք տարիների ընթացքում ՀՀ պետբյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ ծախսերն իրականացվելու են յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարվող հատկացումների ընդհանուր չափի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել