ՀՀ-ն ու ԻԻՀ-ը միշտ ունեցել են գործընկերային հարաբերություններ, և գաղտնիք չէ, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակ Հայաստանը պահպանեց համագործակցությունը հարևան պետության հետ: Այսօր արդեն, երբ Իրանն ազատվել է պատժամիջոցներից, երկու երկրների համագործակցությունը միտում ունի թևակոխել ՀՀ-ի համար ավելի շահեկան փուլ:

Վերը նշվածի վառ ապացույցն է Իրանի փոխնախագահի պաշտոնական այցը ՀՀ: Փաստացի, սա պատժամիջոցների վերացումից հետո առաջին պաշտոնական բարձր մակարդակով այցն է Հայաստան: Հանդիպման առանցքային թեմաներից են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտի կառուցումը, որի շինարարությունն արդեն իսկ սկսվել է: Էներգակիրի կառուցումը հնարավորություն կստեղծի գազ-էլեկտրոներգիա փոխանակմանը:

Այցի մյուս կարևոր կողմերից նաև այն, որ ԻԻՀ փոխնախագահը գալիս է մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ: Գաղտնիք չէ, որ Իրանցի գործարարները ՀՀ-ն համարում են ԵԱՏՄ շուկաներ մտնելու հարթակ: Մասնավորապես՝ օրերս ծովամթերք արտահանողների միության նախագահը հայտարարել էր, որ միտում ունեն Հայաստանում կառուցել ծովամթերքի վերամշակման արտադրամաս և նոր արտահանել ԵԱՏՄ տնտեսական գոտու երկրներ:

Ըստ էության, եթե փորձենք ընդհանուր գնահատականներ տալ, ապա կարող ենք փաստել, որ Իրանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և համագործակցությունն էլ երկուստեք շահութաբեր է: Իսկ ինչպես գիտենք՝ երկու կողմանի շահութաբեր համագործակցությունը զարգացման ու երկարակեցության հնարավորություններ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել