Ռիդլի Սկոտի «Մարսեցին» բլոքբասթերը պատմում է Մարս մալորակում լքված մի տիեզերագնացի զարմանալի պատմություն։ Գլխավոր դերը խաղացել է Մետտ Դեյմոնը։ Մենք ուշադիր դիտել ենք ֆիլմն ու պարզել, թե որտեղով է անցնում գիտության ու ֆանտաստիկայի նուրբ սահմանը։
Ֆիլմի հիմք հանդիսացած Էնդի Ուիրայի գրական աշխատությունը հարուստ է բազմաթիվ տեխնիկական մանրամասներով, որոնց մեծամասնությունը բացակայում է ֆիլմում։ Որպես փորձագետներ՝ Ռիդլի Սկոտը ներգրավել էր ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների, որոնց թվում էին նաև պլանետար գիտությունների բաժնի տնօրեն Ջեյմս Գրինը և Մարսի հետազոտության բաժնի աշխատակից Դեյվ Լավերին։
Նկարահանող խմբի համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվել ՆԱՍԱ-ի օբյեկտներում, ինչպես նաև նրանց հնարավորություն էր ընձեռվել ներկա գտնվելու առաջին մարսագնաց նավ Orion-ի մեկնարկին։ Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Բուդապեշտում, որտեղ Մետ Դեյմոնի հերոսի մարսյան բնակավայրի դեկորացիաների մեծ մասը ստացել են ֆուտուրիստական ոճի ժամանցային Balna կենտրոնի շենքում։

Դե իսկ Մարս մոլորակի դերում հանդես է եկել Հորդանանում գտնվող Վադի Ռում անապատը, որը հայտնի է նաև որպես Լուսնային դաշտավայր։

1․ Փոթորիկ

Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսը մնում է Մարսի վրա սկսված ուժգին փոթորկի պատճառով, որի ժամանակ նա վիրավորվում է, կորցնում է գիտակցությունը, իսկ արշավախմբի մնացած 5 անդամները շատպողաբար լքում են մոլորակը առանց նրա։

ՆԱՍԱ-ում չեն հերքում, որ փոշե փոթորիկները Կարմիր մոլորակի տհաճ առանձնահատկություններից մեկն են։ Գիտնականներն ամեն տարի հետևում են նման փոթորիկների, որոնք Եվրասիայի մակերեսին հավասար տարածքներ են ծածկում ու տևում են մի քանի շաբաթ։ Լինում են նույնիսկ ավելի ուժեղ փոթորիկներ. 5․5 տարին մեկ ամբողջ մոլորակը պարուրում է հսկայական փոշե փոթորիկ։
Սակայն իրականում Մարսի փոթորիկները չեն կարող նույնիսկ տիեզերագնացի մազը շարժել, եթե նա չհանի սկաֆանդրը, իսկ ծանր սարքավորումներ շուռ տալու մասին խոսք լինել էլ չի կարող, որովհետև Մարսի վրա քամու արագությունը չի գերազանցում 27 մ/վ-ը, մինչդեռ երկրային փոթորիկներն առնվազն երկու անգամ ավելի ուժեղ են լինում։ Բացի դրանից, Մարսի մթնոլորտի խտությունը հարյուր անգամ ավելի ցածր է, քան երկրայինը, ուստի ավազահատիկները չեն կարող ունենալ քիչ թե շատ լուրջ ավերիչ ուժ, սակայն սա չի նշանակում, որ դրանք չեն կարող խնդիրներ ստեղծել։
Որոշ մասնիկներ էլեկտրոստատիկ լիցք են պարունակում ու կարող են կպչել, օրինակ, իլյումինատորներին ու գիտական սարքավորումների դետալներին։ Էլեկտրոստատիկ լիցքերի չեզոքացումն ու փոշեզերծումը հիմնական խնդիրներից են, որոնցով զբաղվում են իրական մարսագնացներ ստեղծող ինժեներները։

Բացի դրանից, նույնիսկ թույլ փոշե փոթորիկները կարող են կեղտոտել արևային մարտկոցները ու նվազեցնել դրանց արդյունավետությունը։ Ֆիլմում դա հաշվի էին առել, ու հերոսն ամեն օր սրբում էր արևային պանելները փոշուց։

2․ Կարտոֆիլ

Մետ Դեյմոնի հերոսը ֆիլմում ստիպված է բառիս բուն իմաստով սնունդ հայթայթել, որպեսզի ողջ մնա։ Դրա համար նա իր համար ջերմոց է կառուցում, որտեղ էլ աճեցնում է Մարսի պատմության մեջ կարտոֆիլի առաջին բերքը։ Որպես պարարտանյութ՝ նա օգտագործում էր սեփական կղանքը, ջուրը ստանում էր չօգտագործված հրթիռային վառելքի ջրածնից, իսկ թթվածինը՝ ածխաթթու գազից։

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Մայքլ Մամմը ենթադրում է, որ նման սյուժետային գծում ոչ մի ֆանտաստիկ բան չկա։ Խնդրահարույց կարող է լինել միայն պարարտանյութի սահմանափակ քանակությունը՝ ֆիլմում նկարագրած մեթոդին դիմելու դեպքում և մթնոլորտի ածխաթթու գազից թթվածին ստանալու արդյունավետ միջոցի բացակայությունը։
Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ) արդեն անցկացվել են գյուղատնտեսական բնույթի հաջողված գիտափորձեր։ Այսպես, Veggie գիտափորձի շրջանակներում կանաչ, կարմիր ու կապույտ լուսադիոդների միջոցով ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կանաչի էին աճեցրել, իսկ ՄՏԿ-ում տեղադրված Oxygen Generation System համակարգը մարդու կողմից արտաշնչած ածխաթթու գազից թթվածին է արտադրում։

Անկասկած, նման բան կարելի է կրկնել նաև Մարսի վրա, հարցը, թերևս, տվյալ գյուղատնտեսական արտադրության մասշտաբների ու արդյունավետության մեջ է։

3․ Ռադիացիա

Տիեզերական ճառագայթումից Երկիր մոլորակը պաշտպանում է մթնոլորտն՝ իր ռադիացիոն գոտով, որը բացակայում է Մարսում։ Մետ Դեյմոնի հերոսը ֆիլմում 500 մարսային օր՝ սոլ (1 սոլը կազմում է 24 ժամ, 40 րոպե երկրային ժամանակով) ժամանակ է անցկացնում ու դույզն-ինչ չի տուժում ճառագայթումից։ Որքանո՞վ է դա հնարավոր։

Օրինակ՝ Apollo 11 տիեզերական արշավախմբի անդամները երբ թռչում էին դեպի լուսին, ճառագայթումը չէր զգացվում, քանի որ տիեզերանավը բավականին արագ դուրս եկավ ռադիացիոն գոտու միջով ու իրենց մնացած ուղում հարաբերական թույլ ռադիացիոն ֆոն էր։ Արդյունքում այս պրոյեկտի ընթացքում տիեզերագնացները ստացան 1,6-11,4 միլիգրեյ ճառագայթում, ինչը շատ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում սահմանված առավելագույն թույլատրելի սանդղակը ռադիացիայի հետ առնչություն ունեցող մասնագետների համար, որը կազմում է 50 միլիգրեյ։

ԱՄՆ-ը ուսումնասիրում է տիեզերական ռադիացիան Մարս կատարվելիք թռիչքների համար։ Ռուսական «Матрешка-Р» գիտափորձը, որն անց էին կացրել ՄՏԿ-ում, ցույց էր տվել, որ տիեզերագնացների ներքին օրգանների կողմից կլանվող ռադիացիոն չափաբաժինները մի քանի անգամ ավելի փոքր են, քան ընդունված էր համարել։ Բաց տիեզերք դուրս գալիս այն 15 տոկոսով է ավելի քիչ է կազմում, քան ենթադրյալ չափաբաժինները, որոնք հիմնված էին տեսական հաշվարկների վրա։

Անգամ այս տվյալները հաշվի առնելով, այնուամենայնիվ, դեռ վաղ է մարդկանց Մարս ուղարկելու մասին մտածելը, որովհետև, միևնույն է, նույնիսկ ավելի ցածր այս ցուցանիշները շատ բարձր են մարդու օրգանիզմի համար, ու պետք է մշակել այնպիսի լուծումներ, որոնք կամ կնվազեցնեն ռադիացիոն ֆոնը կամ ավելի կարճատև կդարձնեն թռիչքը։ Բացի դրանից, ՄՏԿ-ում արված գիտափորձն արվել է, երբ կայանը մոտիկ է եղել Երկրի ռադիացիոն գոտուն ու ընդհանուր առմամբ բավականին պաշտպանված է եղել տիեզերական ռադիացիայից։

Բացի դրանից, ֆիլմում Տիեզերագնաց Ուոտնին ենթարկվում է ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական ռեակտորի ճառագայթմանը, որի միջոցով տաքանում է ռովերով ճանապարհորդելու ժամանակ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ դա միանգամայն անվտանգ է, իսկ բնական ռադիացիոն ֆոնը մոլորակի վրա այնքան բարձր է, որ ռեակտորի ճառագայթում չի ազդում ընդհանուր պատկերի վրա։

4․ Տիեզերանավը

Ֆիլմում Hermes տիեզերանավը, որը տիեզերագնացներին հասցնում է Մարս ու հետո վերադարձնում Երկիր, շատ է հիշեցնում է Discovery One տիեզերանավը՝ Ստենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից։ Երկու նավերն էլ ունեն գրավիտացիոն անիվ, որը պտտվում է՝ ստեղծելով արհեստական ձգողականություն ու թույլ է տալիս տիեզերագնացներին պահպանել իրենց ֆիզիկական մարզավիճակը։

Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ռուդի Շմիդտը, ով հանդես էր եկել որպես ֆիլմի տեխնիկական կոնսուլտանտ, չի բացառում նման կառուցվածքով տիեզերանավերի ստեղծումն ապագայում։ Նրա խոսքերով գրավիտացիոն անիվը փորձարկվել է դեռ 1970-ականներին ՝ առաջին ամերիկյան Skylab տիեզերական կայանում։

Որպեսզի տիեզերագնացները պահպանեն իրենց մկանային տոնուսն ու ոսկրային զանգվածը, պարզապես անհրաժեշտ է նրանց ենթարկել ձգողականության ուժի ազդեցությանը։ Տեսականորեն, գրավիտացիոն անիվը կարող է ստեղծել Երկկրի ձգողականությունից երկու անգամ ավելի ցածր ձգողական ուժ, ինչը միանգամայն բավական է առողջական խնդիրներ չունենալու համար։

Hermes տիեզերանավը ֆիլմում ունի իոնային շարժիչներ։ Ներկայումս այդ հեռանկարային ագրեգատները գտնվում են ՆԱՍԱ-ի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Իոնային շարժիչները, որոնք նախատեսված են հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունների համար, ռեակտիվ քարշ են ստեղծում իոնացված ու էլեկտրական դաշտում մեծ արագություն հաղորդված գազի իջոցով։ Նման ագրեգատներ արդեն կիրառվում են Dawn և New Horizons տիեզերական կայանների վրա, որոնք առանձնանում են վառելիքի քիչ ծախսով ու երկարակեցությամբ, բայց միևնույն ժամանակ՝ թույլ քարշով։

5․ Սկաֆանդրը

Մետ Դեյմոնի հերոսի սկաֆանդրի ծավալը ֆիլմում 20 կիլոգրամ էր կազմում, իսկ հաստությունը՝ մի քանի միլիմետր։ Ներկայումս նման սկաֆանդրեր չկան, սակայն ֆիլմի հեղինակները չեն էլ թաքցնում, որ առաջին հերթին էսթետիկական նկատառումներով են առաջնորդվել, որպեսզի դերասանների համար ավելի հեշտ լինի խաղալ իրենց դերը։ Ներկայումս կիրառվող սկաֆանդրերը շատ ավելի ծանր են, ու դրանցում դժվար է շարժվել, սակայն արդեն իսկ առկա են ավելի էլաստիկ ու թեթև սկաֆանդրերի նախագծեր։

Այսքանով հանդերձ, հեռավոր տիեզերք կատարվելիք ուղևորությունների համար պիտանի սկաֆանդրերի ստեղծումը հնարավոր է արդեն այսօր։ Դրա համար պետք է լրամշակել ներքին ճնշման համակարգը ու լուծել շարժունակության ու ջերմափոխանակման մի շարք խնդիրներ։

6․ Տոպոգրաֆիկ ճշգրտություն

Մարսի պեյզաժները, որոնք ցուցադրվում են ֆիլմում, ուղղակիորեն վերցված են գիտական այն տվյալներից, որոնք ստացվել են ՆԱՍԱ-ի կայաններից ու սարքերից, որոնք ուսումնասիրում են Կարմիր մոլորակը։ Ֆիլմի պրեմիերայից առաջ գործակալությունը նաև թարմացրեց Մարսի ինտերակտիվ քարտեզը՝ ավելացնելով լանդշաֆտների դետալիզացիան, որոնք և տեղ են գտել ֆիլմում։ Այսպես, օրինակ, կարելի է տեսնել այն լոկացիաները, որոնք կապված են Ազիդալիական հարթավայրի ու Սկիապարելիի խառնարանի հետ։

Այսպիսով, ամփոփելով կարելի է վստահաբար ասել. հոլիվուդյան այս ֆիլմում ցուցադրված դեպի Մարս ճանապարհորդություն կատարելու տեխնոլոգիական խնդիրներն իրականում միանգամայն հաղթահարելի են արդեն տեսանելի ապագայում, ինչը չի կարելի ասել, ասենք, Տարկովսկու «Սոլյարիսի» կամ «2001 թվականի տիեզերական ոդիսականի» մասին, որտեղ հիմնական շեշտը դրված է տիեզերական ճանապարհորդությունների և այլմոլորակային կյանքի գոյությանը վերաբերող էկզիստենցիալ հարցերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել