«Կտակով թագուհին» հեռուստասերիալի դերասանուհի Մեգգի Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: BlogNews.am-ի հետ զրույցում հոբելյարը նշել է, որ ծննդյան բոլոր շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից, ուղիղ կեսգիշերին զանգել են բոլոր հարազատները, ընկերները, իսկ այս տարի առաջինը երևանաբնակ ընկերուհու շնորհավորանքն է լսել. «Մերին լավագույն ընկերուհիս է, ում բարեմաղթանքները չեն կարող խինդ և ծիծաղ չպարգևել: Այնքան ծիծաղեցի, որ դրական էմոցիաներով լի տրամադրությունն արդեն ապահովված է ողջ գիշերվա և հաջորդ օրվա համար»:

Մեգգին արդեն յոթ տարի շարունակ ծննդյան օրը նշում է ԱՄՆ-ում, իսկ այս տարին նրա համար առանձնահատուկ է, քանի որ տարեդարձը նշում է Մոսկվայում` ծնողների և եղբոր կողքին. «Դա ամենամեծ երջանկությունն է ինձ համար, նրանք էլ իրենց հերթին ինձ գեղեցիկ պահեր պարգևեցին, երբ սենյակ մտան գեղեցիկ ծաղիկներով և համեղ տորթով: Ինչպես հասկացաք, ես ամեն տարի ծննդյանս օրը նշում եմ աշխարհի երեք տարբեր ժամանակներով: Իմ ամենախենթ ծննդյան օրը եղել է երեք տարի առաջ Լաս Վեգասում. այն ես երբեք չեմ մոռանա»։

Տորթի մոմերը փչելուց էլ Մեգգին չի մոռանում երազանք պահել և ինչպես նշում է՝ բնույթով շատ երազկոտ է. «Ես երբեք երազանք պահելու առիթները բաց չեմ թողնում, իսկ ամեն տարի մոմերը փչելուց առաջ երկար մտածում եմ՝ ինչ երազանք պահեմ»:

Մեկ տարի ևս մեծանալով` շատերը վերլուծում են իրենց կյանքը, ամփոփում ունեցած հաջողությունները և անհաջողությունները, իսկ Մեգգին դա անում է գրեթե ամեն օր. «Լուսահոգի տատիկիցս մի լավ գիծ եմ ժառանգել, ամեն անգամ քնելուց ինձ հարցնում եմ՝ ինչ դրական բաներ եմ արել բնության կամ մարդկանց համար, և այս հարցերը մանկուց ասես մեծ պատասխանատվության առաջ էին դնում ինձ: Իսկ տարին վերլուծելու համար նախընտրում եմ Ամանորը և ամեն տարի ուրախանում եմ, թե որքան հարուստ եմ լավ ծնողներով, լավ ընկերներով, լավ հարազատներով և թե որքան սիրված եմ նրանց կողմից: Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր, ամեն տարի ծննդյանս օրը հիշելով, օրս դարձնում են գունավոր: Ես անչափ սիրում եմ բոլորին»։

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել