Մի շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ վրացական մամուլը հաղորդեց, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Բրյուսելում «Գազպրոմի» ղեկավարության հետ քննարկել է Վրաստան գազի մատակարարումն ավելացնելու հնարավորությունը, քանի որ, նախարարի խոսքով, Վրաստանի գազի 90 տոկոսի մատակարար Ադրբեջանը ծավալի հարցում որոշակի խնդիրներ ունի: Ադրբեջանի մամուլը վրացի նախարարի և նրա ռուս գործընկերոջ «անմեղ» բանակցությունը որակեց իբրև «Գազպրոմի» և ՍՈՔԱՐ- ի «պատերազմ»` հանուն վրացական շուկայի:

Երեք օր չանցած մամուլը փոխանցեց նույն Կալաձեի մեղայականը: Այս անգամ նա հայտարարեց, որ «Գազպրոմի» ղեկավարության հետ ինքը քննարկել է զուտ առևտրային բաղադրիչի հարցը, և այդ քննարկումն ամենևին չի վնասում երկրի էներգետիկ անվտանգությունը: «Ինչպես ձեզ հայտնի է, առևտրային շուկան կանոնակարգված է,- լրագրողներին ասաց նախարարը,- և ցանկացած ընկերություն կարող է գնալ Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, և ընդունելի գնով բնական գազ ներմուծել այդ երկրներ»: Կալաձեն նաև ճիշտ ժամանակին հիշեց, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Ավելի ճիշտ` նրան հիշեցրին այդ բանը:

Վրաստանի նախագահի քաղաքական խորհրդական Չիխրաձեն հայտարարեց, որ նախագահի աշխատակազմն այժմ տվյալ հարցի մասին լիակատար տեղեկություն է հավաքում: Պաշտոնյան ասել է նաև, որ Վրաստանի համար այժմ ամենակարևորը Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունն է, որը պետք է պահպանել: «Այսօր գազի սակագնի շուտափույթ փոփոխության անհրաժեշտություն բոլորովին չկար»,- Կալաձեին նկատի ունենալով՝ ակնարկել է նախագահի խորհրդականը: Վրաստանի ընդդիմությունը նույնպես իշխանությունից պահանջել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցության նպատակահարմարությունը քննարկել Անվտանգության խորհրդի նիստում: Եվ վերջապես խնդրո առարկայի վերաբերյալ խոսել է վարչապետ և երկրի փաստացի ղեկավար Ղարիբաշվիլին: Նա աբսուրդ է անվանել ընդդիմության այն կասկածը, թե իբր Վրաստանը մտադիր է վերանայել իր հարաբերությունն Ադրբեջանի հետ: «Ինչպե՞ս է որոշ քաղաքագետների մտքով անգամ նման բան անցնում»,- զարմացել է Վրաստանի վարչապետը և հավաստիացրել, որ հենց անցած շաբաթ օրը երկու երկրների հարաբերությունների սերտացման հարցն է ինքը Բաքվում քննարկել նախագահ Ալիևի հետ:

Անուղղակիորեն, սակայն, «Գազպրոմի» հետ արտասահմանում բանակցելու նախաձեռնությանն անդրադարձել է վրաց ուղղափառ եկեղեցին: Բանն այն է, որ ադրբեջանական «ՍՈՔԱՐ» ընկերությունը կամովին պարտավորվել էր հատուցել Վրաստանի տարածքի եկեղեցիների և վանքերի բնական գազի ծախսը: Այդ պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա նոյեմբերի 1-ին: Եվ ահա «ՍՈՔԱՐ»-ը որոշել է ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Վրաստանի պատրիարքարանին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ի ղեկավարներին, ինչը և արվել է հավուր պատշաճի: Այս պատմության մեջ առնվազն մեկ հարց անպատասխան է մնում` մի՞թե նախարարը իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցր կքննարկեր առանց կառավարության ղեկավարին նախօրոք տեղյակ պահելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել