Մոտավորապես մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի «թեթև ձեռքով» այդ սոցցանցում բանավեճ ծավալվեց, թե ինչ տեղ ունի Սիլվա Կապուտիկյանը 20-րդ դարի հայ քնարերգության մեջ: Մտքերի այդօրինակ փոխանակության թեման միանգամայն շինծու էր, սակայն քննարկումը` բավական բուռն: Օգտատիրոջ գրառումը զուտ մասնավոր կարծիք էր, և մնացած օգտատերերն այդպես էլ գնահատեցին այն:

Եվ կարծես իբրև «գրական» այդ վիճաբանության վերջակետ հոկտեմբերի 8-ի իր նիստում կառավարությունն ընդունեց մի որոշում, որն, անկասկած, բանավեճի պատահական համընկնում էր, բայց և Կապուտիկյանի ստեղծագործության երկրպագուների սրտով էր և վկայում էր, որ բանաստեղծին տրված հանիրավի գնահատականը զուտ մասնավոր կարծիք է և չի արտացոլում նրա ստեղծածի իրական արժեքը: Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարանը և նրա գրական ժառանգությունը (մոտ 1100 թանգարանային առարկա) տնօրինում է «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամը, որը բնակարանը և թանգարանային առարկաները նվիրաբերում է Հայաստանի Հանրապետությանը:

Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է այդ գույքը, ստեղծել «Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը» և այն դարձրել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ: Նախ՝ թանգարանն արդեն իսկ ունի հինգ մասնաճյուղ, որոնք բոլորն էլ հայ մեծանուն գրողների` Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի, Պերճ Պռոշյանի, Ակսել Բակունցի, Գրիգոր Ղափանցյանի տուն-թանգարաններն են, այսինքն` ՊՈԱԿ-ը նման աշխատանքի լավագույն փորձ է ձեռք բերել, երկրորդ` «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի թանգարանային առարկաները վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման կարիք ունեն, ինչը նույնպես ՊՈԱԿ-ի ուժերի սահմաններում է:

Բացի գրական ժառանգությունից՝ թանգարանային արժեքավոր ցուցանմուշներ են ճանաչված նկարիչներ Ռուբեն Ադալյանի, Ժան Ժերանյանի, Գրիգոր Խանջյանի, Գառզուի, Հարություն Կալենցի, Հենրիկ Սիրավյանի վրձնած կտավները, քանդակագործներ Արա Շիրազի, Յուրի Պետրոսյանի, Լևոն Թոքմաջյանի և շատ ուրիշների աշխատանքները: Թանգարան- մասնաճյուղի ստեղծմամբ կպահպանվեն, կուսումնասիրվեն և կցուցադրվեն ճանաչված բանաստեղծի ստեղծագործություններն ու թանգարանային մյուս առարկաները, քաղաքամայր Երևանն էլ կունենա գրական-գեղարվեստական մի նոր թանգարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել