Մենք մեզ համար հորինել ենք մի շարք հեքիաթներ ու համառորեն շարունակում ենք հավատալ դրանց, ինչը մեզ ավելի խոցելի է դարձնում իրականության հանդեպ։ Օրինակ՝ վերջին մի 10-15 տարին մենք լրջով հավատացինք, որ կարող է պատերազմ սկսել, իսկ վերջին տենց մի տարին մենք անընդհատ կառչում ենք այն միֆից, որ խախտվում է հրադադարի ռեժիմը։

Ժողովուրդ ջան, ո՞նց կարող է սկսվել մի բան, որը երբեք չի էլ վերջացել։ Ո՞նց կարող է խախտվել մի բան, որը գոյություն չունի։ Ուշքի եկեք էլի ու եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Նայեք, ֆորմալ առումով պատերազմը երբեք չի ավարտվել, որովհետև չկա խաղաղության պայմանագիր։ Եղել է զինադադարի պայմանագիր, որը պատերազմը մոտ 20 տարով պասիվ ֆազա տեղափոխեց, իսկ վերջին երկու-երեք տարին այն պարզապես աստիճանաբար էսկալացվում է։ Դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս, բայց մի բանում վստահ եղեք ու վերջապես քաջություն ունեցեք խոստովանելու դա. մենք իրոք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և սա զուտ պաթոսային ինչ-որ եզրույթ չէ, որը մոգոնում են հանրապետականները, սա թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե մեր իրականությունն է։

Ինչ վերաբերում է զինադադարի ռեժիմին, ապա զինադադարի ռեժիմ խախտելը ենթադրում է, որ, որպես կանոն, տարվա մեծ մասը սահմանին կրակոցներ ու առավել ևս հրետակոծություն ու հետախուզա-դիվերսիոն գործողություններ չեն լինում, և օրինաչափությունն անդորրն է։ Սակայն երբ ստեղծվում է իրավիճակը, երբ հանգիստ անցած գիշերն է գտնվում օրինաչափությունից դուրս, ապա առնվազն աբսուրդ է խոսել զինադադարի ռեժիմից ու դրա խախտումներից։

Այն, ինչ հիմա ունենք, կոչվում է դանդաղ-դիրքային պատերազմ, որում սկզբում սկսեցին դիպուկահարների ինտենսիվորեն կիրառել, հետո հետախուզա-դիվերսիոն ջոկատներ, հետո հրետանի, իսկ վաղն էլ կարող են արդեն զրահատեխնիկա ու ավիացիա կիրառել, բայց այդ ժամանակ արդեն գործ կունենանք ոչ թե դանդաղ-դիրքային պատերազմի, այլ ակտիվ, լիարժեք ու մասշտաբային ռազմական գործողությունների հետ։

Հասկացեք սա, մարսեք սա, ընդունեք սա, որովհետև դա օբյեկտիվ հանգամանք ա, իսկ մեր պարագայում ջայլամություն անելն այդ հանգամանքի նկատմամբ անթույլատրելի շռայլություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել