Երբևէ մտածե՞լ եք, որ կինն ու տղամարդը հավասար են ինչպես հասարակության մեջ, այնպես էլ ընտանիքում, համոզված եմ, որ շատ քչերն են մտածել այդպես, ու մեծամասնությունը գրածս կարդալով կմտածի` «ինչպե՞ս կարող են կինն ու տղամարդը հավասար լինել»:
Երբևէ մտածե՞լ եք,որ հայկական ընտանիքում կարող է չլինել կռիվ, մտածե՞լ եք, որ Դուք կարող եք Ձեր կնոջ հետ ինչ-որ հարց քննարկել, չվիճել, պարզապես քննարկել, հնարավոր է, որ կինը տվյալ խնդրի լուծման համար առաջարկի ավելի խելացի տարբերակ: Հայաստանում կինը միշտ ստորադասվել է տղամարդուց, վերջին տարիներին զգացվում է հավասարության ընկալման որոշակի աճ, բայց, կարծում եմ, միայն հասարակության մեջ, ընտանիքում հավասարություն հասկացողությունը դեռ չի երևում: Հարգելի տղամարդիկ, ժամանակն է ընդունել, որ կանայք մեզ հավասար են, նրանք ունեն նույնպիսի խելք, ինչպիսին մենք: Տղամարդիկ, հավասարությունը չընդունելով, շատ հաճախ օրինակ են բերում ինչ-որ հիմար կամ կամքից թույլ կանանց՝ մոռանալով, որ տղամարդկանց մեջ էլ քիչ չեն հիմարները, հայկական հի՛ն մի լավ խոսք կա. ասում է` «գյուղ չկա, որ շուն չլինի»: Իհարկե, իմ կարծիքով տան «գլուխը» պիտի լինի տղամարդը, բայց «պիտի»-ն չի վերաբերում կանանց, եթե տղամարդը չունի տղամարդկություն, եթե տղամարդը չի պահում իրեն այնպես, որ կինն ընդունի իրեն որպես տան «գլուխ», ուրեմն կինն ամենևին պարտավոր չի տղամարդուն ընդունել այդպիսին, այսինքն՝ դա կախված է տղամարդուց, ընտանիքում քայլ առաջ քայլողի «տիտղոսին» տղամարդը ոչ թե պետք է հասնի ծեծով, ջարդով ու ուժով, այլ պիտի արժանանա իր արած գործերով: Ամեն դեպքում, հարգելի տղամարդիկ, հիշենք, որ կանայք հավասար են տղամարդկանց, նրանք ունեն հավասար ունակություններ, հավասար իրավունքներ: Ընտանիքում կռիվը չի բերում ոչ մի լավ բանի, փորձեք քննարկել կնոջ հետ այն ամենը, ինչը վերաբերում է ողջ ընտանիքին: Կանայք են մեր մայրերը, կանայք են մեր երեխաների մայրերը, Ձեր կինն ու Ձեր մայրը նույնպիսի կանայք են, երբ Ձեր հայրը ձեռք էր բարձրացնում Ձեր մոր վրա, դա Ձեզ դուր չեր գալիս: Կանայք ամեն բան կարողանում են անել մեզ հավասար:
Շարունակո՞ւմ ես ծեծել քո կնոջը, «տղամարդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել